Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Հայաստանի Հանրապետությունում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածությունը, ջրի կորուստների բարձր մակարդակը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և գյուղատնտեսության կայուն զարգացման համար: Ծրագիրն առաջարկում է համալիր և փուլային լուծում՝ անդրադառնալով ազգային և տեղական մակարդակներում առկա խնդիրներին՝ միաժամանակ ծրագրի երկու պիլարներով: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հունիսի 15-ին քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին:
Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզում ոռոգման ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտի համալիր զարգացում»/WAIDA (որը ներառում է նաև «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավմա» ծրագիրը/WISE) ջրային ծրագրի իրականացման նպատակով վարկային միջոցների տրամադրում:
Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում փուլային եղանակով՝ ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ջրի կրկնակի օգտագործման համակարգեր, խորհրդատվական ծառայություններ:
Ծրագիրը հիմնվելու է չորս հիմնական բաղադրիչների վրա:
Զեկուցողի տեղեկացմամբ՝ ԶՖԳ-ի ֆինանսավորումը կազմված է առավելագույնը 100 միլիոն եվրո բազմատրանշ վարկային գծից, որը փոխանցվելու է երեք տրանշով: Առաջին՝ ՀՀ Սյունիքի մարզի ֆինանսավորման վարկը՝ 30 մլն եվրո: Երկրորդ՝ «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման» ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի առաջին մասնաբաժինը՝ առավելագույնը 30 մլն եվրո և երրորդ՝ «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման» ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի երկրորդ մասնաբաժինը՝ առավելագույնը 40 մլն եվրո:
WISE ծրագրի համաֆինանսավորողը Համաշխարհային բանկն է:
Տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով ԵՄ կողմից նախատեսվում է նաև 12.456 մլն եվրո դրամաշնորհ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: