Վեց ընդդիմադիր ուժեր հայտարարությամբ են հանդես եկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ

Վեց ընդդիմադիր ուժեր հայտարարությամբ են հանդես եկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունները հայտարարությամբ են հանդես եկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ 

Հայտարարության հեղինակները նշում են, որ կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։

Նրանց խոսքով` ընտրական գործընթացում տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող իշխանությունների կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։

Հայտարարության հեղինակների կարծիքով` ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները, «նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար»։ 

«Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։ Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից», - ասվում է հայտարարության մեջ։