Խուդաթյանը բացառում է, որ այս ձմռանը Հայաստանի համար գազի սակագինը կարող է թանկանալ
Հայաստանի համար գազի գնի հնարավոր թանկացման հարցի շուրջ զարգացումներ չկան։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Մենք ինտենսիվ աշխատում ենք «Գազպրոմի» մեր գործընկերների հետ, ավելացնելու բան չկա, նոր բան չկա, փոփոխություններ չկան։ Մենք գազը ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, այն սակագնով, որը գոյություն է ունեցել, այդ սակագները սահմանված են պայմանագրով, որոնք դեռ ժամկետի մեջ են (մինչև տարեվերջ և 2027թ․ տարեսկիզբ)»,- ասաց Խուդաթյանը։
Նա բացառեց, որ այս ձմռանը գազի սակագնի փոփոխություն կարող է լինել, քանի որ պայմանագրերը դեռ գործողության մեջ են։
Ինչ վերաբերում է պայմանագրերը միակողմանի խզելու հնարավորությանը, Խուդաթյանը դա ևս հնարավոր չի համարում, քանի որ դրա համար հիմքեր են կան։
Խուդաթյանը շեշտեց՝ ռուս գործընկերների հետ աշխատանքային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, բնականոն շարունակում են աշխատել։
«Գործընկերների հետ նորմալ, շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունենք»,- ասաց Խուդաթյանը։
Նա հավելեց` ռիսկերը կառավարվում են, այդ թվում՝ գազի սակագնի ավելացման առումով։ Ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպես են ռիսկերը կառավարվում, Խուդաթյանը նշեց՝ փակագծեր շատ չի բացելու։
«Ռիսկերը կառավարում ենք, որովհետև պատկերն այնքան էլ այնպես չէ, ինչպես կարող է տպավորություն ստեղծվել առաջին հայացքից»,- ասաց Խուդաթյանը։
Ըստ նրա՝ հիմա ՀՀ քաղաքացիները մտահոգվելու պատճառ չունեն։