Կատալիզատորների թափոնների արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
Հայաստանի տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելքը հուլիսի 6–ից կերկարաձգվի ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ, մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ»,– ասված է հիմնավորման մեջ։
Կառավարությունից վստահեցնում են, որ 2023 թվականից մինչ օրս, երբ սկսել է կիրառվել արտահանման արգելքը, ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 3 դեպք, մինչդեռ 2021 թվականին արձանագրվել է գողության 92 և 2022 թվականին գողության 40 դեպք։