S&P Global Ratings. Ընտրությունների արդյունքները նպաստավոր են ՀՀ վարկանիշի համար, բայց ռիսկերը պահպանվում են

S&P Global Ratings. Ընտրությունների արդյունքները նպաստավոր են ՀՀ վարկանիշի համար, բայց ռիսկերը պահպանվում են

S&P Global Ratings գործակալության կարծիքով, Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը կապահովի քաղաքական կուրսի հաջորդականությունը եւ ընդհանուր առմամբ դրական կանդրադառնա երկրի սուվերեն վարկանիշի վրա։
«S&P Global Ratings-ը ընտրությունների արդյունքները գնահատում է որպես ընդհանուր առմամբ նպաստավոր Հայաստանի վարկունակության համար. դրանք ամրապնդում են քաղաքականության հաջորդականությունը եւ կարող են մեծացնել կառավարության հնարավորությունները Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն առաջ մղելու հարցում։

Միեւնույն ժամանակ, Արեւմուտքի գործընկերների հետ Հայաստանի փոխգործակցության խորացումը նախկինի պես ուղեկցվելու է դժվարություններով՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ երկրի զգալի տնտեսական եւ էներգետիկ կապերը», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

«Ընտրությունների արդյունքները պետք է ապահովեն կուրսի հաջորդականությունը եւ ամրապնդեն իր ծրագիրն իրականացնելու կառավարության կարողությունը։ Խոսքը արեւմտյան գործընկերների հետ առավել սերտ փոխգործակցության, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների եւ միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում հարկաբյուջետային համախմբման  մասին է. այս ամենը պետք է օգնի կայունացնել պետական ֆինանսները եւ նպաստի պարտքային բեռի աստիճանական նվազեցմանը։ Այս բարեփոխումների հաջող իրականացումը կբարելավի կարգավորող միջավայրն ու բիզնեսի պայմանները, կներգրավի ներդրումներ եւ կապահովի աճ՝ ամրապնդելով երկրի մակրոտնտեսական հիմքերը։

Մենք տարածաշրջանային կարգավորումը դիտարկում ենք որպես ընտրությունների արդյունքների ամենանշանակալի պոտենցիալ հետեւանքներից մեկը. այն ունակ է նվազեցնել աշխարհաքաղաքական ռիսկերը, աջակցել ներդրումներին ու առեւտրին, ինչպես նաեւ ամրապնդել Հայաստանի աճի միջնաժամկետ հեռանկարները։

Հարաբերությունների բարելավումը կարող է նաեւ պայմաններ ստեղծել առեւտրային եւ տրանսպորտային կապերի երկարաժամկետ զարգացման համար՝ ներառյալ հնարավոր երթուղիները Թուրքիայի տարածքով։ Այդուհանդերձ, ռիսկերը պահպանվում են, այդ թվում՝ սահմանին իրավիճակի հնարավոր սրումը, ինչպես նաեւ քաղաքականապես զգայուն սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք կարող են պահանջվել վերջնական կարգավորման կամ դրա պահպանման համար։

Չնայած նրան, որ Հայաստանը շարունակում է խորացնել փոխգործակցությունը արեւմտյան գործընկերների հետ եւ ձգտում է մերձեցման ԵՄ-ի հետ, երկրի ռազմավարական շրջադարձը զսպվում է Ռուսաստանի հետ նրա խորը ինտեգրմամբ։ Հայաստանը նախկինի պես զգալի չափով կախված է Ռուսաստանից։

Ռուսաստանը վերջերս սահմանափակումներ է մտցրել մի շարք հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ եւ մտահոգություն է հայտնել արեւմտյան գործընկերների հետ Հայաստանի աճող մերձեցման կապակցությամբ, ինչը ակնառու կերպով ցույց է տալիս, թե որքան դժվար է Երեւանի համար համատեղել դեպի արեւմտյան ինտեգրում տանող կուրսը Ռուսաստանի հետ տնտեսական կապերի պահպանման հետ։ Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը կարող է բացասաբար անդրադառնալ աճի տեմպերի, արտաքին միջոցների ներհոսքի, շուկաների հասանելիության եւ էներգետիկ անվտանգության վրա։

Թեեւ մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի դիվերսիֆիկացնել արտաքին գործընկերությունները, առաջընթացը, ամենայն հավանականությամբ, կլինի աստիճանական՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ երկրի խորը տնտեսական կապերը», - նշում է S&P Global Ratings-ը։