ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը մայիսին հիմնականում կայուն է մնացել՝ չնայած հացահատիկի թանկացմանը

ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը մայիսին հիմնականում կայուն է մնացել՝ չնայած հացահատիկի թանկացմանը

 Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հրապարակած վերջին տվյալների՝ մայիսին պարենային հիմնական ապրանքների համաշխարհային գների ինդեքսն ընդհանուր առմամբ կայուն է մնացել. բուսական յուղերի գների անկումը հավասարակշռել է հացահատիկի և շաքարավազի թանկացումը։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որն արձանագրում է համաշխարհային շուկայում շրջանառվող հիմնական պարենային ապրանքների միջազգային գների ամսական փոփոխությունները, 2026 թվականի մայիսին միջինում կազմել է 130.8 միավոր, որը 0.2 %-ով ցածր է ապրիլի վերանայված ցուցանիշից և 2.9 %-ով բարձր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արժեքից։

«Թեև պարենային ապրանքների համաշխարհային շուկաներ ըպահպանել են հարաբերական դիմակայունություն, , հացահատիկի գների աճն ընդգծում է դրանց խոցելիությունը եղանակային ռիսկերի, ինչպես նաև էներգիայի և արտադրական միջոցների շուկաներում առկա խաթարումների նկատմամբ։ Կարևոր առևտրային ուղիների, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շուրջ շարունակվող անորոշությունը կարող է հանգեցնել պարարտանյութի օգտագործման կրճատմանը և լրացուցիչ ճնշում գործադրել պարենի գների վրա՝ շեշտելով միջազգային համակարգված գործողությունների անհրաժեշտությունը», – նշել է ՊԳԿ Շուկաների և առևտրի բաժնի տնօրեն Բուբակեր Բեն-Բելհասենը։

ՊԳԿ հացահատիկի գների ինդեքսը ապրիլի համեմատ աճել է 2.6 %-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով գրեթե 5.0 %-ով։ Այս դինամիկան արտացոլում է հացահատիկի բոլոր հիմնական տեսակների թանկացումը համաշխարհային շուկայում, ինչը պայմանավորված է վառելիքի և պարարտանյութերիգնաճով , ինչպես նաև եղանակային պայմաններով։ Համաշխարհային շուկայում ցորենի գներն ամսական կտրվածքով աճել են 3.4 %-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 7.8 %-ով։ Գների աճին նպաստել են խոշոր արտահանող երկրներում ակնկալվող ցածր բերքատվությունը, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ ձմեռային ցորենի ցանքատարածությունների վիճակը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամենաանբարենպաստներից է։ ԱՄՆ կարմիր կարծր աշնանացան ցորենի գները 2026 թվականի մայիսին 28 %-ով բարձր են եղել 2025 թվականի նույն ամսվա ցուցանիշից։ Եգիպտացորենի գները նույնպես աճել են 1.9 %-ով (տարեկան կտրվածքով՝ 3.9 %)՝ պայմանավորված հիմնական շուկաներում ներմուծման մեծ պահանջարկով, Բրազիլիայում և Միացյալ Նահանգներում առկա պաշարների սահմանափակությամբ, ինչպես նաև էներգակիրների թանկացմամբ, ինչը նպաստել է էթանոլի արտադրության մեջ օգտագործվող եգիպտացորենի պահանջարկի աճին։ ՊԳԿ բրնձի ընդհանուր գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.7 %-ով, քանի որ եղանակային  պայմանների վերաբերյալ մտահոգություններն ու հում նավթի և դրա ածանցյալ արտադրանքի թանկացումը նպաստել են Ասիայի մի շարք առաջատար արտահանող երկրներում բրնձի գների բարձրացմանը։

Ի տարբերություն հացահատիկի՝ ՊԳԿ բուսական յուղերի գների ինդեքսը ապրիլի համեմատ նվազել է 4.6%-ով՝ արձանագրելով 2026 թվականի ընթացքում առաջին անկումը։ Արմավենու յուղի միջազգային գները նվազել են համաշխարհային ներմուծման պահանջարկի թուլացման կանխատեսումների, ինչպես նաև հում նավթի շուկայում առկա անորոշության պատճառով։ Սակայն սոյայի յուղի համաշխարհային գների միտումները միանշանակ չեն եղել. Հարավային Ամերիկայում արտահանման պաշարների սեզոնային աճը նվազեցրել է գները, մինչդեռ Հյուսիսային Ամերիկայում կենսավառելիքի կայուն պահանջարկը նպաստել է դրանց աճին։ Ինչ վերաբերում է ռապսի և արևածաղկի յուղերին, ապա դրանց գները բարձրացել են՝ շուկայում առկա սահմանափակ առաջարկի պայմաններում։

ՊԳԿ մսամթերքի գների ինդեքսը նվազագույն՝ 0.1% աճ է գրանցել։ Տավարի մսի համաշխարհային գները փոքր-ինչ բարձրացել են ներմուծման մեծ պահանջարկով պայմանավորված, հատկապես՝ Չինաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Միևնույն ժամանակ, խոզի մսի գները նվազել են՝ հիմնականում Եվրոպական միությունում առկա առատ առաջարկի և ներմուծման թույլ պահանջարկի պատճառով։

ՊԳԿ կաթնամթերքի գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.5%-ով, ինչը մեծապես պայմանավորված էր կարագի միջազգային գների անկմամբ։ Պանրի գները հիմնականում մնացել են կայուն, մինչդեռ անարատ չոր կաթի գներն աճել են։ Յուղազրկված չոր կաթի շուկայում արձանագրվել են տարաբնույթ միտումներ։

ՊԳԿ շաքարավազի գների ինդեքսը մայիսին աճել է 7.5%-ով։ Թանկացումը հիմնականում պայմանավորված է Բրազիլիայից ստացված տվյալներով, ըստ որոնց՝ շաքարեղեգի բերքի մեծ մասն ուղղվելու է էթանոլի ստացմանը, ինչի պատճառով շաքարավազի արտադրության ծավալները կկրճատվեն։ Գների բարձրացմանը նպաստել են նաև մտահոգությունները, որ «Էլ Նինյո» բնական երևույթի պայմանները կարող են բացասաբար անդրադառնալ առաջիկա տարում Հնդկաստանում և Թաիլանդում արտադրության ծավալների վրա։

Լրացուցիչ մանրամասները հասանելի են այստեղ:

Առաջիկա տարում կանխատեսվում է հացահատիկի համաշխարհային արտադրության և առևտրի կրճատում

Ըստ ՊԳԿ «Հացահատիկի առաջարկի և պահանջարկի ամփոփագրի» նոր թողարկման, որը նույնպես հրապարակվել է ուրբաթ օրը, 2026/27 սեզոնին հացահատիկի համաշխարհային արտադրությունը նախորդ տարվա համեմատ կնվազի 2%-ով՝ կազմելով 2 982 միլիոն տոննա, ինչը հիմնականում պայմանավորված կլինի ցորենի բերքի կրճատմամբ։

Ակնկալվող այս նվազմանը նախորդում է 2025/26 սեզոնին արձանագրված 6.1 % աճը, որի շնորհիվ իրացման շրջանի ավարտին արտադրության ծավալները հասել էին ռեկորդային 3 043 մլն տոննայի։ Այս զգալի աճի շնորհիվ հացահատիկի համաշխարհային պաշարները, ըստ գնահատականների, ավելացել են 9.5%-ով։


Կանխատեսվում է, որ 2026/2027 սեզոնին հացահատիկի համաշխարհային սպառումը կաճի 0.6%-ով՝ դանդաղելով նախորդ սեզոնում արձանագրված 2.7% աճի տեմպից։ Ընթացիկ կանխատեսումների համաձայն՝ հացահատիկի համաշխարհային պաշարները կարող են չնչին չափով՝ 0.3%-ով կրճատվել, ինչը հիմնականում պայմանավորված կլինի բրնձի պաշարների ակնկալվող նվազման միտումով։ Արդյունքում՝ հացահատիկի համաշխարհային պաշարների և սպառման հարաբերակցությունը կկազմի 31.7%։

2025/26 սեզոնին 4.8 % աճից հետո, կանխատեսվում է, որ առաջիկա տարում հացահատիկի համաշխարհային առևտուրը կնվազի 0.3%-ով՝ կազմելով 507.2 միլիոն տոննա։ Այս դինամիկան պայմանավորված է նրանով, որ ցորենի և գարու առևտրի ծավալների ակնկալվող անկումն ավելին կլինի, քան եգիպտացորենի և բրնձի մատակարարումների նախատեսվող աճը։

Հացահատիկի համաշխարհային շուկաների ավելի մանրամասն վերլուծությանը կարող եք ծանոթանալ «Պարենային հեռանկարներ» (Food Outlook) զեկույցի հերթական թողարկման մեջ, որը լույս կտեսնի 2026 թվականի հունիսի 18-ին։

ՊԳԿ-ի կողմից համակարգվող Գյուղատնտեսական շուկաների տեղեկատվական համակարգը (AMIS) ուրբաթ օրը նույնպես հրապարակել է իր ամենամսյա «Շուկայի մշտադիտարկում» (Market Monitor) զեկույցը: Ի լրումն պարբերական թարմացումների, զեկույցը ներկայացնում է՝ ինչպես են Հորմուզի նեղուցում առկա լարվածությունները վերաձևում բեռնափոխադրումների համաշխարհային համակարգը, ինչպես նաև անդրադառնում է էներգակիրների ու պարարտանյութերի բարձր գներին առանձին երկրների արձագանքին։