Քննարկումներ ունենք ԵՄ գործընկերների հետ մաքսատուրքերի հարցում դեպի մեր արտադրողին ուղղված քայլեր անելու շուրջ. Միրզոյան
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 98-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին:
«ՀՀ կառավարությունը 2025 թվականին հաստատել է արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը, որը նպատակ ունի խթանել արտադրողների կողմից ՀՀ-ի ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի ԵՄ, ՄԹ և Կանադայի շուկաներ մաքսատուրքի փոխհատուցման միջոցով»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Ծրագիրը գործում է 2025 թվականի փետրվարի 1-ից, որով նախատեսվում էր ապահովել արտահանման ծավալների միջինում 15 տոկոս աճ: Այն ապահովվել է: Միաժամանակ ուզում եմ նշել, որ 2025 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում օժանդակություն ստացած հիմնական ապրանքային խմբերից, օրինակ՝ պահածոներ, հյութեր, սննդամթերքի այլ տեսակներ, աճը եղել է շուրջ 40 տոկոս: Հարկ է նշել, որ որոշմամբ որպես ապրանք դիտարկվում է միայն մշակող արդյունաբերության արտադրանքը, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տնտեսության զարգացման հարցում կարևորվում է ոչ միայն արդյունաբերության, այլ նաև առաջնային արտադրության զարգացումը, որի վառ ապացույցն է ՀՀ-ում ինտենսիվ բուսաբուծության զարգացումը՝ հիմնված ինտենսիվ այգիների հազարավոր հեկտարները և հարյուրավոր հեկտարներ տեխնոլոգիապես ամենաբարձր հագեցվածությամբ ջերմատները: Արդյունքում ՀՀ-ում արտադրվում է բարձրորակ, հետագծելի և ստանդարտավորված արտադրանք, որը կարող է իր տեղն ունենալ համաշխարհային շուկայում: Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում խթանել առաջնային արտադրության ապրանքների արտահանումը, մասնավորապես՝ թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանման դեպքում դեպի ԵՄ, ՄԹ և Կանադայի շուկաներ ՀՀ կառավարությունը արտահանողին կամ արտադրողի փոխարեն կվճարի նշված երկրներում վճարված մաքսատուրքն ամբողջությամբ»,- նշեց Խոջոյանը:
«Չեմ ուզում սայլը ձիուց առաջ դնել և շտապել հայտարարություններ անել, բայց ուզում եմ ասել, որ մենք քննարկումներ ունենք ԵՄ մեր գործընկերների հետ իրենց կողմից ևս մաքսատուրքերի հարցում որոշակի՝ դեպի մեր արտադրողին ուղղված քայլեր անելու շուրջ, և հուսամ՝ առաջիկայում քննարկումները հաջողությամբ կպսակվեն»,- ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Անկախ մատակարարման ձևից՝ եթե ապրանքը արտահանվում է, և համապատասխան փաստաթղթավորումը ներկայացվում է, ապա այն ենթակա է փոխհատուցման»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարի տեղակալը: