Հայաստանից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌԴ կսահմանափակվի

Հայաստանից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌԴ կսահմանափակվի

 Ռոսսելխոզնադզորն արձանագրել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտղամթերքի մատակարարումների ընթացքում խախտումների հաճախականության աճ։ Ռոսսելխոզնադզորի հրապարակման համաձայն, հայկական կողմը բազմիցս տեղեկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող վնասատուներին և բուսական հիվանդություններին վերաբերող կարանտինային օբյեկտների հայտնաբերման վերաբերյալ:

Սակայն խախտումներն ավելացել են, Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի ֆիտոսանիտարական պահանջներին, ինչը, Ռոսսելխոզնադզորի կարծիքով, կարող է կապված լինել Հայաստանի գյուղատնտեսության նախարարության լուծարման և գործառույթների փոխանցման հետևանքով ստեղծված վարչական փոփոխությունների հետ։

Ռոսսելխոզնադզորը նաև ընդգծում է, որ ստեղծված իրավիճակը կարող է վտանգել Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգությունը, ինչպես նաև ազդել ներքին գյուղատնտեսական ծրագրերի վրա՝ հատկապես պտղաբուծության և խաղողագործության ոլորտներում։

Այս հիմքով՝ 2026 թվականի հունիսի 2-ից սահմանվում են ժամանակավոր սահմանափակումներ Հայաստանի Հանրապետությունից ծագող և առաքվող կորիզավոր պտուղների (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի ներմուծման վրա։ Բացի այդ, սահմանափակումներ են կիրառվում նաև նշված ապրանքների տարանցման նկատմամբ ԵԱՏՄ անդամ պետություններով՝ մինչև համապատասխան անվտանգության ապահովման մեխանիզմների մշակումը։