Սև ու սպիտակ դրաման՝ լեռների գրկում․ Ջերմուկում շունչը շախմատային է
Առաջիկա յոթ օրերին Ջերմուկի օդում ոչ միայն առողջարանային, այլև շախմատային շունչ է զգացվում։ Հայաստանի Շախմատի ակադեմիայի, «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի և «Լիդիան Արմենիա» ընկերության հովանավորությամբ այստեղ անցկացվում է «Ջերմուկ 2026» Ստեփան Ավագյանի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում են ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի լավագույն 100-յակում ընդգրկված տասը գրոսմայստերներ։ Նրանց թվում է նաև միջազգային գրոսմայստեր Շանթ Սարգսյանը։ Նա ասում է, որ տարեցտարի պայքարը շատ ավելի է բարդանում, քանի որ մրցաշարին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները։
Շանթն ընդգծում է․ «Սա շատ կարևոր մրցաշար է՝ ոչ միայն խաղային փորձ ձեռք բերելու, այլև փորձով փոխանակվելու համար»։
Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 9 խաղափուլով, ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն։ Մասնակիցների աշխարհագրությունը բավական լայն է՝ Հայաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ռուսաստան, Գերմանիա և Լեհաստան։ Մրցանակային ֆոնդը գերազանցում է 10 մլն դրամը, կամ շուրջ 26 հազար դոլարը։
Իսկ ամեն ինչ սկսվեց 2005 թվականին, Ստեփան Ավագյանի և Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ, երբ առաջին անգամ անցկացվեց շախմատի միջազգային մանկապատանեկան մրցաշար։ Այդ ավանդույթը շարունակվեց մինչև 2014 թվականը։
Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը պատմում է․
«Ուրախ եմ, որ Ջերմուկը դառնում է աշխարհում ճանաչված շախմատային քաղաք։ Դա մեր՝ իմ և պարոն Ավագյանի երազանքն էր։ Երբ 20 տարի առաջ շրջում էինք Ջերմուկում, մտածում էինք, որ այս քաղաքը բոլոր նախադրյալներն ունի շախմատի կարևոր կենտրոն դառնալու համար։ Եվ այսօր այդ երազանքն իրականություն է դառնում, քանի որ արդեն 20 տարի այստեղ անցկացվում են բարձրակարգ մրցաշարեր»։
Ստեփան Ավագյանը մասնագիտությամբ բժիշկ էր, «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի գլխավոր բժիշկն ու տնօրենը։ Նա մեծ սեր ուներ շախմատի նկատմամբ, և այդ սերը 2004 թվականին նրան դարձրեց Վայոց ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ։
Ստեփան Ավագյանի մահից հետո Շախմատի ֆեդերացիան որոշեց, որ միջազգային մրցաշարը պետք է կրի նրա անունը։ Այդ ժամանակից ի վեր մրցաշարն անցկացվում է ամեն տարի, անգամ 2020 թվականին՝ համավարակի պայմաններում։
Հենց այդ տարի կազմակերպվեց նաև մեծահասակների մրցաշարը, և 2020 թվականից սկսած անցկացվում են երկու մրցաշար՝ մանկապատանեկան և միջազգային։ Մանկապատանեկան մրցաշարն այս տարի ունեցել է մինչև 500 մասնակից։
«Շախմատային օրացույցում այն համարվում է աշխարհի լավագույն մրցաշարերից մեկը»,– ընդգծում է Կարեն Ավագյանը՝ Ստեփան Ավագյանի որդին։ Նրա խոսքով՝ այս մրցաշարերի հիմնական նպատակը Ջերմուկը ոչ միայն առողջարանային, այլև շախմատային քաղաք դարձնելն էր, և այդ նպատակը հաջողությամբ իրագործվել է։
Հուշամրցաշարի անցկացմանն այս տարի միացել է նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Սա ընկերության սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկն է։ Ընկերության՝ հովանավորների ցանկում ընդգրկված լինելը կարևորում է նաև Կարեն Ավագյանը։
Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հաստատում է, որ շախմատը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար։
«Այս տարի որոշեցինք լինել հիմնական հովանավորների շարքում, քանի որ «Լիդիան Արմենիան» նպաստում է շրջակա համայնքներում կրթության և սպորտի զարգացմանը։ Սա ևս մեկ հնարավորություն էր համագործակցելու շախմատի աշխարհում կարևոր տեղ զբաղեցնող միջոցառման հետ։
Սա նաև մեր սոցիալական պատասխանատվության ծրագրերից է։ Մենք ունենք կրթական, գիտական և մարզական ուղղվածության բազմաթիվ նախաձեռնություններ, և այս համագործակցությունը դրանցից մեկն է»։
Մրցաշարի շրջանակում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Լիդիան Արմենիա»-ի նախաձեռնությամբ կկազմակերպվի նաև հատուկ շախմատային միջոցառում Ամուլսարի հարակից համայնքների շախմատասեր երեխաների համար։ Մինչ այդ մրցաշարին կմասնակցեն նաև ընկերության աշխատակիցները։
Յոթ օր շարունակ աշխարհի լավագույն շախմատիստներից տասը կմրցեն Ջերմուկում։ Սա Հայաստանի ամենաուժեղ միջազգային շախմատային մրցաշարերից մեկն է, և մասնակիցների մակարդակը տարեցտարի բարձրանում է։
Առաջիկա յոթ օրերին Ջերմուկը լինելու է մտքի, կամքի և ռազմավարական պայքարի կենտրոնը։ Եվ մինչ գրոսմայստերները հերթական քայլերով կփորձեն մոտենալ հաղթանակին, քաղաքը կշարունակի իր խաղաղ ու հանգիստ ռիթմը՝ ականատես լինելով, թե ինչպես են ծնվում շախմատային նոր լեգենդներ։