ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2026 թվականին կգերազանցի 100 մլրդ դոլարը. Տոկաև
ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը, ըստ կանխատեսումների, 2026 թվականին կաճի 6%-ով և կգերազանցի 100 մլրդ դոլարը։ Այս մասին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նրա խոսքով՝ միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ի տվյալներով` 2026-2027 թվականներին կանխատեսվում է 2,5 % աճ։
Ղազախստանի նախագահը կարևորել է արհեստական բանականության պատասխանատու օգտագործման մասին համատեղ հայտարարությունը՝ այդ ճյուղի զարգացմանը և տնտեսության թվայնացմանը հարմարվելու համար: Նա հիշեցրել է, որ աշխարհում ԱԲ ոլորտում ներդրումներն արդեն գերազանցել են 1 տրլն դոլարը։
Տոկաևի խոսքով` թվայնացումը կարևոր է հատկապես լոգիստիկայի ոլորտում։ Մասնավորապես, եվրասիական տրանսպորտային կառուցվածքն ավելի քան 50 հազար կմ ընդհանուր երկարությամբ երթուղիների ցանց է: Նա նշել է, որ այդ երթուղիներով մատակարարումների արագությունը թույլ կտա ավելացնել բեռնափոխադրումների հոսքը:
Այդ նպատակով Ղազախստանը փորձնական ռեժիմով գործարկել է «Smart Cargo» համակարգը, որտեղ բիզնեսը կկարողանա լրացնել ապրանքների տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր էլեկտրոնային փաստաթղթերը մեկ պատուհանի սկզբունքով: Տրանսպորտային ոլորտում Ղազախստանն արդեն սկսել է թվային փաստաթղթերի փոխանակումը հարևան երկրների հետ։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ միության երկրների միասնական ՀՆԱ-ն 2021-2025 թվականներին աճել է 16,6 %-ով։