Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է ձկան և ձկնամթերքի ԵՄ երկրներ արտահանմանը նվիրված աշխատաժողովին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է ձկան և ձկնամթերքի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին նվիրված աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի ձկնաբուծության ոլորտն ունի արտահանման զգալի ներուժ և կարևորել է արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։
Նա ընդգծել է, որ 2025 թվականին Հայաստանը ներառվել է ջրային կուլտուրաներ և դրանց արտադրանքը ԵՄ երկրներ արտահանելու թույլտվություն ունեցող երկրների ցանկում։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող օրենսդրական և իրավական փոփոխությունների ընթացքը՝ ուղղված ԵՄ պահանջներին համապատասխանեցմանը և արտահանման գործընթացների բարելավմանը։
Տաթևիկ Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության և ITC-ի շարունակական աջակցությունը`ուղղված ոլորտի զարգացմանը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ապահովել հայկական ձկնամթերքի ներկայությունը միջազգային շուկաներում։