ՀԲՄ. ՀՀ բանկային համակարգի գործունեության տարեկան հաշվետվությունը

ՀԲՄ. ՀՀ բանկային համակարգի գործունեության տարեկան հաշվետվությունը

Հայաստանի բանկերի միությունը հրապարակել է ՀՀ բանկային համակարգի գործունեության տարեկան հաշվետվությունը։

2025 թվականին բանկային համակարգում արձանագրվել է հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ.

  • Ընդհանուր ակտիվների ծավալն ավելացել է շուրջ 1 824 մլրդ ՀՀ դրամով (16.6%-ով)՝ կազմելով 12 830 մլրդ ՀՀ դրամ և գերազանցել երկրի ՀՆԱ-ի ցուցանիշը։
  • Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 398 մլրդ դրամով (22.4%-ով)՝ հասնելով 2 175 մլրդ ՀՀ դրամի։
  • Ընդհանուր պարտավորություններն աճել են 15.5%-ով՝ կազմելով 10 656 մլրդ ՀՀ դրամ։

Վարկեր և ավանդներ

Վարկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ, ինչի արդյունքում վարկային պորտֆելը 2025 թվականին ավելացել է 23.0%-ով (շուրջ 1 474 մլրդ դրամով)՝ կազմելով 7 870 մլրդ ՀՀ դրամ։ Ընդ որում, վարկերի կառուցվածքում 49%-ը բաժին է ընկել ֆիզիկական անձանց, իսկ 45%-ը՝ տնտեսությանը տրված վարկերին։ Զուգահեռաբար, ընդհանուր ավանդներն ավելացել են շուրջ 994 մլրդ ՀՀ դրամով (15.4%-ով) և հասել 7 458 մլրդ ՀՀ դրամի։ Ռեզիդենտների ավանդներն աճել են 18.2%-ով, իսկ ոչ ռեզիդենտների ավանդները՝ 6.0%-ով։

Շահույթ և հարկեր

2025 թվականը բանկային համակարգն ամփոփել է բարձր շահութաբերությամբ՝ ապահովելով 421 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթ։ Այս ցուցանիշը 2024 թվականի համեմատ ավելացել է շուրջ 60 մլրդ դրամով կամ 17%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել զուտ տոկոսային եկամտի 23.3% աճով։

ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերը 2025 թվականին կազմել են շուրջ 164.6 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 37.6%-ով։ Բանկերի կողմից վճարված հարկերի մասնաբաժինն ընդհանուր հարկերում կազմել է 8.5%։

2025 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ բանկային համակարգն ունեցել է 546 մասնաճյուղ, որոնցից 275-ը՝ Երևանում, իսկ 271-ը՝ մարզերում։ Բանկերի աշխատակիցների միջին թիվն ավելացել է 963-ով՝ հասնելով 16 787-ի։