Հայաստանը 170,3 մլն եվրո վարկ կվերցնի պետբյուջեի համալրման համար

Հայաստանը 170,3 մլն եվրո վարկ կվերցնի պետբյուջեի համալրման համար
Հայաստանը Համաշխարհային բանկից 170,3 մլն եվրո վարկ կվերցնի պետական բյուջեի համալրման համար։ Համաձայնագրի նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Վարկը կունենա նաև բարեփոխումների ծրագիր, որը կազմվել է ՀՀ կառավարության առաջարկով` տնտեսության առողջացման համար:
Մասնավորապես այս ծրագրով կբարելավվի «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունը, կընդունվի «Ներդրումների մասին» օրենքի նոր փոփոխությունները, որը լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռնի ներդրողներին: Կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները:
Աշխատանքի մյուս ուղղությունը լինելու է կանաչ տնտեսության իրավական դաշտի կատարելագործումը, այդ թվում՝ բիզնեսի համար կներդրվի ջերմոցային գազերի արտանետումների կանխարգելման ծրագիր։
Վարկը կտրամադրվի տարեկան մոտ 3,7% տոկոսադրույքով, 28 տարի ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով: