Forbes-ը Նուբար Աֆեյանին ընդգրկել է Ամերիկայի 250 մեծագույն նորարարների վարկանիշային աղյուսակում
Forbes պարբերականը հրապարակել է «Ամերիկայի 250 մեծագույն նորարարները 2026» (America’s Greatest Innovators 2026) վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկվել է նաև հայտնի գործարար, բիոտեխնոլոգիական «Moderna» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ Պարբերականի կազմած ցանկում հայազգի գործիչը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը: Նախաձեռնությունը նվիրված է ԱՄՆ-ի հիմնադրման 250-ամյակին, և դրանում ներառվել են այն գործիչները, որոնք ոչ միայն գյուտեր են հեղինակում, այլև դրանք հաջողությամբ վերածում են շուկայական արտադրանքի, վերափոխում են ամբողջական արդյունաբերություններ ու ստեղծելում նորերը:
Պարբերականն ընդգծում է, որ Նուբար Աֆեյանն առանցքային դեր է խաղում Միացյալ Նահանգների նորարարական էկոհամակարգի զարգացման գործում՝ ակտիվորեն ներդրումներ կատարելով բիոտեխնոլոգիաների, առողջապահության և արհեստական բանականության առաջադեմ գիտական նախագծերում: Որպես «Flagship Pioneering» վենչուրային ընկերության հիմնադիր՝ նա մասնակցել է ավելի քան 100 կենսաբանական և գիտական ստարտափների ստեղծմանը։ Այդուհանդերձ, նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց հատկապես որպես «Moderna» ընկերության համահիմնադիր, որը մշակեց COVID-19-ի դեմ աշխարհում առաջին և ամենաարդյունավետ վակցինաներից մեկը։
Միջազգային բիզնեսում և գիտության մեջ ունեցած հսկայական ավանդին զուգահեռ՝ Աֆեյանը հայտնի է նաև իր լայնածավալ մարդասիրական և հասարակական գործունեությամբ։ Նա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից է և մշտապես աջակցում է հայկական կրթական, գիտական և հումանիտար ծրագրերին: Գործարարն ակտիվորեն ներգրավված է նաև Հայաստանում գիտության և նորագույն տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված տարատեսակ նախագծերում՝ շարունակելով ամրապնդել գործնական և բարեգործական կապը հայրենիքի հետ։