Զբոսաշրջությունը՝ երկիրը ճանաչելի դարձնելու գրավական․ ՀՊՏՀ-ում քննարկվել են զարգացման հեռանկարները

Զբոսաշրջությունը՝  երկիրը ճանաչելի դարձնելու գրավական․ ՀՊՏՀ-ում քննարկվել են զարգացման հեռանկարները

 «ՀՀ կայուն զբոսաշրջության զարգացման տնտեսական առանձնահատկությունները տարածաշրջանային ու միջազգային փոփոխությունների համատեքստում» թեմայով․ կլոր սեղան քննարկում  էր կազմակերպվել Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարնում։ Աշխարհն ու տարածաշրջանն արագ են փոխվում՝ հատկապես ԱՄՆ–Իսրայել–Իրան հակամարտությամբ ու Հորմուզի նեղուցի իրավիճակով պայմանավորված։

ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը ejc.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծում է, որ քննարկման նպատակն է գործարար միջավայրի ներկայացուցիչների, պետական քաղաքականություն մշակողների, ինչպես նաև ակադեմիական համայնքի հետ միասին քննարկել և ընդհանուր հայտարարի գալ՝ պայմանավորված նոր փոփոխություններով։

Զբոսաշրջությունը չի դիտարկվում միայն այցելավայրերի հետ կապված քաղաքականություն։ Այն միջոլորտային է, ընդգրկում է բազմաոլորտ շրջանակ և ներառում է տնտեսությունը, սոցիալական համակարգը, բնապահպանական ոլորտը։

ՀՊՏՀ ռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը նկատում է․ «Ավանդաբար մտածում էինք, որ զբոսաշրջությունը գործընթաց է, երբ մարդը գալիս է Հայաստան, մնում է մի քանի օր, և արդյունքում երկիրը օգուտ է ստանում։ Այսօր, սակայն, ոլորտի նկատմամբ ընկալումը միանգամայն այլ է․ զբոսաշրջությունը երկիրը ճանաչելի դարձնելու եղանակ է, որը խիստ փոխկապակցված գործընթաց է։ Այդ գործընթացները պետք է բավարար ուշադրության կենտրոնում լինեն, որպեսզի հաջողություն արձանագրվի։ Այսօր կարող ենք նշել, որ հասել ենք մի իրավիճակի, երբ մեր ենթակառուցվածքները բավարար չեն»։ 

a918b003-7bea-4ea3-bd48-e65bd0a8f7d9.jfif (118 KB)

Զբոսաշրջության ոլորտը՝ ուղղակի ու անուղղակի համագործակցելով այլ ոլորտների հետ, ունի նաև նմանատիպ ազդեցություն։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը կարևորում է պետություն–մասնավոր հատված և պետություն–միջազգային կառույցներ համագործակցությունը, նշելով, որ այժմ դրանք նոր մակարդակի վրա են։ Ընդգծում է, որ անցել են այն ժամանակները, երբ պետական մարմինները միայն փաստաթղթեր են գեներացնում․

«Պետք է ունենանք այնպիսի փաստաթղթեր, պետական ծրագրեր ու ռազմավարություններ, որոնք անմիջականորեն ծառայում են բիզնեսի զարգացմանը»։

Զբոսաշրջությունը արագ ու դինամիկ զարգացող ոլորտ է՝ հատկապես համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության ներկա մարտահրավերների և զարգացումների պայմաններում՝ արձանագրում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նա հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական իրավիճակներում պետք է ձեռքը զարկերակի վրա պահել։

«Կայուն զբոսաշրջությունը կայուն տնտեսական և համաչափ տարածքային զարգացման ամենահզոր գործիքներից և հարթակներից է», — արձանագրում է նա։ Ապրեսյանի խոսքով՝ Հայաստանը զբոսաշրջային համաշխարհային քարտեզի վրա իր ուրույն տեղն ունի։ Նշում է․

«Ցանկացած դժվարություններ և ճգնաժամային իրավիճակներ նաև հնարավորություններ են ծնում, և մենք պետք է կարողանանք օգտվել այդ հնարավորություններից։ Բացի այն, որ պետք է ամրապնդենք մեր դիրքերը համաշխարհային շուկայում, նաև պետք է կարողանանք ընդլայնվել և զարգանալ, հատկապես, որ ռեսուրսները բավարար են»։

Փորձագետը ոլորտի ապակենտրոնացման, այն Երևանից դեպի մարզեր տեղափոխելու անհրաժեշտություն է տեսնում։ Սակայն նաև նկատում է, որ 2000-ականների համեմատ դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել։ Հիշում է, որ այդ տարիներին 45 հազար զբոսաշրջային այցելություն էր գրանցվում, և կար ընդամենը մի քանի հյուրանոց՝ այն էլ Երևանում։

Այժմ, ըստ Ապրեսյանի, Հայաստանում կա 700-800 հյուրանոցային տնտեսություն։ Հյուրանոցային տնտեսությունների 40 %-ը գտնվում է Երևանում, իսկ 60 %-ը՝ մարզերում։ Սա ապակենտրոնացման հաջողության ցուցանիշներից է՝ ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։

Տուրիստական հոսքերը դեպի մարզեր արձանագրում են նաև տեղում աշխատող կազմակերպությունները։ «Միիթ Դիլիջան» նախագծի ղեկավար Դիաննա Ասլանյանն ընդգծում է, որ Դիլիջանը համարվում է կլաստերներից, եթե ոչ ամենամեծը, ապա առաջիններից մեկը։ Սա մեծ առավելություն է։

Դիլիջանում կա 400-ից ավելի հյուրանոց, հյուրատուն և կացարան։ Միայն 2025 թվականին Դիլիջան է այցելել 240 հազար զբոսաշրջիկ։ Առաջին տեղում ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկներն են, ապա՝ ԱՄԷ-ից, իսկ հետո արդեն ԵՄ երկրների քաղաքացիները՝ Իտալիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից։

8a4ebd3d-ea7e-43ab-ba16-9e5a4e755510.jfif (90 KB)

ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանն ընդգծում է, որ միջոլորտային համագործակցության շրջանակում զբոսաշրջությունը, փոխկապակցվելով տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և բնապահպանական լուծումների հետ, հնարավորություն ունի ՀՆԱ-ի կառուցվածքում ավելի մեծ կշիռ ունենալ։