ՀՀ կառավարությունը միջազգային արբիտրաժում հաղթել է «Սանիթեք» ընկերությանը
2026 թվականի մայիսի 22-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Լիբանանյան «Սանիթեք» ընկերության և նրա սեփականատերերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված բոլոր պահանջները։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Արբիտրաժային տրիբունալը միաձայն վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները։ Տրիբունալը արձանագրել է, որ «Սանիթեք»-ը չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում։
Տրիբունալն ընդգծել է, որ աղբահանության ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը վտանգ է ստեղծում հանրության առողջության համար և եզրակացրել, որ Հայաստանի կողմից պայմանագրերի լուծումը եղել է ողջամիտ և հիմնավորված։ Տրիբունալը նաև նշել է, որ եթե պետությունը միջոցներ չձեռնարկեր «Սանիթեք»-ին փոխարինելու և ծառայությունների բացը լրացնելու ուղղությամբ, ապա դա կդիտվեր որպես հանրության նկատմամբ իր պարտականությունների չկատարում։ Տրիբունալը անհիմն է համարել նաև Հայցվորների այն պնդումը, թե 2018 թվականին կառավարության փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները քաղաքական պատճառներով են հանդես եկել «Սանիթեք»-ի դեմ, այլ ոչ թե պայմանագրային հիմքերով։
Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Տրիբունալի վճիռը, որը վերահաստատում է, որ պետության կողմից պայմանագրային իրավունքների և իր քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների ողջամիտ իրականացումը չի կարող հանգեցնել միջազգային պատասխանատվության: