Գեղարքունիքի մարզում մաքրման 3 կայան կկառուցվի

Գեղարքունիքի մարզում  մաքրման 3 կայան կկառուցվի

Հայաստանի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին հատկացնել 73 միլիոն 470․4 հազար դրամ, որից 31 միլիոն 719 հազար դրամը՝ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման, 30 միլիոն 872.4 հազար դրամը՝ Մարտունի քաղաքի ապակենտրոնացված մաքրման կայանի կառուցման աշխատանքների իրականացման համար։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 10 միլիոն 879 հազար դրամ էլ հատկացվել է Ճամբարակ քաղաքի Տ․ Մեծի-4 վթարված շենքի բնակիչների կողմից կատարված և կատարվելիք ծախսերի փոխհատուցման համար։

Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մարտունի քաղաքում կենսաբանական մաքրման 2 կայան կկառուցվի՝ յուրաքանչյուրը 30 միլիոն 872 հազար դրամ արժեքով։ Դրանցից մեկը կկառուցվի Մարտունի-Գեղհովիտ բնակավայրերի սահմանաբաժան գոտում, որը կենսաբանական մաքրման կենթարկի առանց զտման Մարտունի գետ լցվող Գեղհովիտ գյուղի կոյուղաջրերը, իսկ երկրորդը կկառուցվի Մարտունի և Վաղաշեն բնակավայրերի սահմանաբաժան հատվածում՝ Մարտունի-Վարդենիս մայրուղու հարևանությամբ, Կարասու գետակի վրա, որի ջրերը ռելիեֆային ցածր դիրքի պատճառով ինքնահոս եղանակով Մարտունիի մաքրման կայան լցվելու հնարավորություն չունեն։

Կենսաբանական այս կայանը կսպասարկի տվյալ թաղամասի շուրջ 150 տնտեսության կարիքները։

Գեղհովիտի հատվածում կենսաբանական մաքրման կայանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության կողմից համապատասխան գումարը հատկացվել  է 2026 թվականի հունվարին։

Գավառի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկության համաձայն՝ մաքրման կենսաբանական կայանը կկառուցվի Հացառատ թաղամասում, որտեղ նախորդ տարի ՀՀ կառավարության հրատապ ծրագրերի շրջանակներում կառուցվել էր 805 գծամետր երկարության կոյուղագիծ՝ 400 բնակչի սպասարկման համար։ Նոր կառուցվող կենսաբանական մաքրման կայանում կզտվեն այս կոյուղագծի կեղտաջրերը։

Կենսաբանական մաքրման երեք կայանում էլ շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։