Իրանը գործարկել է բիթքոինային Hormuz Safe համակարգը՝ նեղուցով նավերի անվտանգ անցման համար
Իրանը ներկայացրել է Hormuz Safe բիթքոինով ապահովված համակարգը, որը նախատեսված է աշխարհում նավթի ամենակարևոր ուղիներից մեկով՝ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։
Ծրագիրը ներկայացվում է ԱՄՆ-ի հետ շարունակվող լարվածության և Իրանի կողմից ռազմավարական ջրային այս ուղու նկատմամբ վերահսկողության խստացման ֆոնին։
Համակարգը գործում է որպես ծովային ապահովագրության թվային հարթակ։ Նավերի սեփականատերերը և բեռնափոխադրողները կարող են ապահովագրություն ձեռք բերել վթարների, բեռների վնասման, հարվածների և ծովային տարածքներին վնասելու դեպքերի համար։ Վճարումը կարելի է անել բիթքոինով, USDT-ով կամ չինական յուանով։ Իրանը պնդում է, որ ծրագիրը կարող է մինչև 10 միլիարդ դոլարի եկամուտ ապահովել։
Ըստ տեղեկությունների՝ գործընթացն իրականացվելու է ամբողջովին առցանց ձևաչափով։ Օպերատորներն ընտրում են ապահովագրական փաթեթ, կատարում կրիպտոարժույթով վճարում և ստանում բլոքչեյնի վրա հիմնված ապահովագրության թվային վկայագիր։ Հաստատումից հետո նավերը կարող են համաձայնեցնել նեղուցով իրենց անցումը իրանական իշխանությունների հետ։
Իրանը նաև ստեղծել է նոր կառույց՝ Persian Gulf Strait Authority-ն (PGSA), որը նավերից պահանջում է նախապես ստանալ փոխադրման թույլտվություն և մինչև նեղուց մտնելը ներկայացնել տեղեկություններ սեփականատերերի, ապահովագրության, անձնակազմի և երթուղու մասին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նավերի մի քանի սեփականատերեր արդեն միլիոնավոր դոլարներ են վճարել անվտանգ անցման համար։
Փորձագետները զգուշացնում են, որ ծրագիրը բախվելու է իրավական և ֆինանսական լուրջ խնդիրների։ Քննադատների խոսքով՝ գործող պատժամիջոցները սահմանափակում են Իրանի հասանելիությունը միջազգային ապահովագրության շուկաներին, իսկ շատ երկրներ շարունակում են թերահավատորեն վերաբերվել կրիպտոարժույթներին՝ փողերի լվացման և պատժամիջոցները շրջանցելու ռիսկերի պատճառով։ Թեև Իրանի գործողությունները կարող են հակասել UNCLOS-ի սահմանած միջազգային ծովային իրավունքին, Թեհրանի դեմ ցանկացած գործնական քայլի ձեռնարկումը ևս կարող է դժվար լինել։