ՀՀ փոխարժեքի շուկայում արձանագրված անկումն ամրապնդել է հայկական դրամի դիրքերը. Գալստյան
ՀՀ փոխարժեքի շուկայում արձանագրված անկումը շուրջ 10 դրամով ամրապնդել է հայկական դրամը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով ֆինանսական կայունության հաշվետվությունը։
Ըստ նրա` դա հիմնականում պայմանավորված է դեպի Հայաստան մեծ ներհոսքով։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, զբոսաշրջությանը, ինչպես նաև ԿԲ–ն նկատել է, որ որոշ երկրներից բավականին մեծ ֆինանսական ներհոսք կա դեպի Հայաստան` թե՛ ֆիզիակական անձանց, թե՛ բիզնեսի կողմից։
«Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ ԿԲ–ն անընդհատ միջամտում է ֆինանսական շուկային։ Չնայած մեզ մոտ լողացող փոխարժեք է, սակայն ստիպված ենք լինում միջամտել, քանի որ օրեր են լինում, երբ կան մեծ գումարների բազմաթիվ վաճառողներ` ներառյալ միջազգային ֆինանսական ինստիտուտները, որոնք հայկական դրամով ձեռք են բերում պետական պարտատոմսեր, սակայն դոլարով գնորդներ չկան։ Այսինքն, միակողմանի շուկա է ձևավորվում, որտեղ ԿԲ–ն մտնում է, միջամտում է, ձեռք է բերում հավելյալ արտարժույթը, որպեսզի փոխարժեքը չխաթարվի շատ ավելի մեծ չափերով»,– մանրամասնեց Գալստյանը` պարզաբանելով, որ սա նշանակում է, որ փոխարժեքի առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը։
Թե որքանով է այս հանգամանքը ռիսկային ՀՀ տնտեսության համար, ԿԲ նախագահի խոսքով` միանշանակ գնահատակ տալհնարավոր չէ, քանի որ փոխարժեքը տարբեր երկրների հետ տարբեր է։
«Մեր ամենամեծ արտահանման շուկան Ռուսաստանն է, այստեղ հայկական դրամն անգամ թուլացել է ռուսական դրամի նկատմամբ, ու կարծես թե այս հատվածում աշխատող արտահանողներն այնքան էլ վատ վիճակում չեն»,– նշեց Գալստյանը` ավելացնելով, որ դեպի ԱՄՆ արտահանման տեսանկյունից ազդեցությունն ավելի մեծ է։
Նա անդրադարձավ նաև պետական պարտատոմսերի շուկային` նշելով, որ ինստիտուցիոնալ խաղացողների մուտք կա դեպի ՀՀ դրամային արտահայտությամբ պետական պարտքի շուկա։