Շարունակվում են էկոկրթական ծրագրերն ու ճանաչողական էքսկուրսիաները դպրոցականների համար
Ացնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ում
«Անտառային էկոհամակարգեր» թեմայով էկոկրթական հանդիպում է անցկացվել Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 և Ա. Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցների ավագ դասարանների աշակերտների հետ։ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ Դավիթ Աբովյանը ներկայացրել է կառույցը՝ որպես պետական անտառային հողերի կառավարման լիազորություն ունեցող առանցքային կառույց, կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող միջոցառումները, սոցիալական ծրագրերը և դպրոցականներին կոչ արել բնապահպան վարքագծով օրինակելի լինել շրջապատում։
Անտառների, անտառային հողերի օգտագործման և ԲՀՊՏ կառավարման բաժնի պետ Դավիթ Աբովյանը «Հայանտառ»–ը ներկայացրել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ՀՀ–ում կլիմայի քաղաքականության վերլուծությանն ուղղված առաքելության այցի շրջանակում կազմակերպված հանդիպմանը։ Օրակարգային հարցերի թվում ներկայացվել են Հայաստանում անտառօգտագործման հիմնական ուղղությունները, անտառների կայուն աճի ապահովման նպատակով իրականացվող հատումների տեսակներն ու առանձնահատկությունները, փայտանյութի մթերման գործընթացը, թափուկ վառելափայտի տրամադրումը՝ որպես ՊՈԱԿ-ի սոցիալական նախաձեռնություն։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում
«Դեպի կայուն կենսաբազմազանություն. COP17» խորագրով երկփուլ միջոցառում է կայացել՝ ուղղված ապագա սոցիալական աշխատողներին։ Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են կենսաբազմազանության էությունը, Հայաստանի կենսաբազմազանությունը, սպառնալիքներն ու պահպանության մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի պարտավորությունները՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում։ Առանձնակի անդրադարձ է կատարվել Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նպատակներին, մարտահրավերներին և հնարավորություններին։ Երկրորդ փուլը կազմակերպվել է «Շիկահող» պետական արգելոցում՝ գիտաճանաչողական արշավի ձևաչափով։
‹‹Դիլիջան›› ազգային պարկ ՊՈԱԿ-ում
Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված իրականացվել են մի շարք միջոցառումներ։ «Շամախյան» տեղամաս մասնաճյուղում կազմակերպվել է ծառատունկ՝ Դիլիջանի թիվ 4 դպրոցի աշակերտների մասնակցությամբ, որի ընթացքում տնկվել է շուրջ 100 հացենի տեսակի ծառ։ Բացի այդ, ազգային պարկում անցկացվել է թռչնաբների տեղադրում՝ Կովկասյան ազնվացեղ եղջերուների կենտրոնի հարակից տարածքում։ Միջոցառման ընթացքում երեխաները ծանոթացել են թռչունների կարևոր դերին և բնության պահպանության գաղափարներին։
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում
Կազմակերպվել են մի շարք էկոկրթական միջոցառումներ համայնքային դպրոցների աշակերտների համար։ Այգեստանի միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ անցկացվել է «Բնությունը թղթի վրա. հերբարիումների պատրաստում և պահպանում» թեմայով սեմինար-քննարկում, որի ընթացքում աշակերտները ծանոթացել են հերբարիումների պատրաստման և պահպանման եղանակներին։ Շիրակի մարզի Բագրավանի միջնակարգ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է թռչնադիտարկում «Խոսրով» տեղամասում, ինչպես նաև այցելություն թանգարան՝ ծանոթանալու արգելոցի պատմամշակութային ժառանգությանը և կենսաբազմազանությանը։ Հովտամեջի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ անցկացվել է «Կենսաբազմազանության դերը մարդու կյանքում» թեմայով էկոկրթական հանդիպում, որի ընթացքում քննարկվել են բնության հավասարակշռության, կենսաբազմազանության պահպանության և մարդու պատասխանատու վարքագծի կարևոր հարցեր։
Շարունակվում են էկոկրթական ծրագրերն ու ճանաչողական էքսկուրսիաները դպրոցականների համար։ Մասնակիցները ծանոթացել են Հայաստանի կենսաբազմազանությանը, Կարմիր գրքային տեսակներին և շրջակա միջավայրի պահպանության հիմնահարցերին՝ ձևավորելով բնության նկատմամբ հոգատար և պատասխանատու վերաբերմունք