Իլոն Մասկը կարող է մարդկության առաջին տրիլիոնատերը դառնալ

Իլոն Մասկը կարող է մարդկության առաջին տրիլիոնատերը դառնալ

SpaceX ընկերությունը պաշտոնապես հայտ է ներկայացրել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման՝ IPO-ի համար․ ակնկալվում է, որ այն կդառնա ամենախոշորը Ուոլ Սթրիթի բորսայի պատմության մեջ: Գործընթացի գլխավոր կազմակերպիչն է լինելու Goldman Sachs բանկը:

Դեռևս 2026 թվականի փետրվարին՝ արհեստական բանականության ոլորտում գործող xAI ստարտափի հետ միաձուլումից հետո, SpaceX-ի ընդհանուր շուկայական արժեքը գնահատվում էր 1,25 տրիլիոն դոլար: Այս ռեկորդային ցուցանիշը և սպասվող բորսայական գործարքն ուղղակիորեն կազդեն ընկերության հիմնադրի անձնական կարողության վրա. ակնկալվում է, որ ընկերությունում Իլոն Մասկի վերահսկիչ փաթեթի արժեքը կգերազանցի 600 միլիարդ դոլարը: Հաշվի առնելով, որ 2025 թվականին Մասկն արդեն իսկ դարձել էր պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը հատել է 500 միլիարդ դոլարի շեմը, բաժնետոմսերի այս տեղաբաշխումը նրան կդարձնի աշխարհի առաջին տրիլիոնատերը:

Ներդրումային շուկայում այս իրադարձությունը կարևորվում է նաև տեխնոլոգիական կոշտ մրցակցության համատեքստում, քանի որ SpaceX-ը դարձավ արհեստական բանականության ոլորտի երեք հսկաներից առաջինը, որն այս տարի դուրս է գալիս բորսա՝ առաջ անցնելով OpenAI և Anthropic ընկերություններից:

Ուշագրավ է, որ IPO-ի գործընթացը զուգորդվում է ոլորտային լուրջ դատական վեճերով. ընդամենը օրեր առաջ Իլոն Մասկը պարտվեց OpenAI ընկերության և նրա ղեկավար Սեմ Ալթմանի դեմ հարուցված դատական գործում: Մասկը մեղադրում էր Ալթմանին խաբեության մեջ՝ պնդելով, որ իր կողմից միլիոնավոր դոլարների ներդրումներ ստանալուց հետո վերջինս OpenAI-ը վերածել է կոմերցիոն կառույցի: Ի պատասխան այս մեղադրանքների՝ Ալթմանը դատարանում վկայել է, որ հակամարտության իրական պատճառն այն է, որ Մասկը ցանկանում էր ընկերությունը որպես ժառանգություն փոխանցել իր երեխաներին:

Ներգրավվելիք ֆինանսական միջոցները, որոնք ըստ նախնական հաշվարկների կարող են հասնել մինչև 75 միլիարդ դոլարի, ընկերությունն ուղղելու է իր գլոբալ տիեզերական նախագծերի իրագործմանը, մասնավորապես՝ Լուսնի «յուրացման» և Մարսի վրա մարդկային գաղութի հիմնադրման ծրագրերին:

Ընկերության հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ հունիսի սկզբին մեկնարկող ակտիվ ներդրումային արշավը թույլ կտա հաղթահարել նախորդ տարիներին արձանագրված գործառնական վնասները և ապահովել անհրաժեշտ ֆինանսավորում մարդկությանը միջմոլորակային տեսակ դարձնելու հավակնոտ նպատակի համար: