Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակումները նոր երևույթ չեն. Փաշինյան

Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակումները նոր երևույթ չեն. Փաշինյան

Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակումները նոր երևույթ չեն և նման հարցեր պարբերաբար քննարկվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ 

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակմանը՝ Փաշինյանն ասել է, որ ֆիտոսանիտարական պահանջներին չհամապատասխանող ապրանքների դեպքում նման սահմանափակումներ միշտ էլ եղել են։

«Այդ սահմանափակումները միշտ էլ եղել են, որովհետև ցանկացած ապրանք, որը ֆիտոսանիտարական ստանդարտին չի համապատասխանում, այդ սահմանափակումները միշտ գոյություն են ունեցել և միշտ գոյություն են ունենալու»,-նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ վերջին ութ տարիներին նման իրավիճակներ տասնյակ անգամներ են արձանագրվել՝ ոչ միայն ֆիտոսանիտարական, այլև այլ տեսակի խնդիրների պատճառով։

Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ նիստերում պարբերաբար քննարկվում է նաև այն հարցը, թե ԵԱՏՄ ներսում շրջանառվող որոշ ապրանքներ որքանով են իրականում արտադրված անդամ երկրներում։

«Հիմա պատվիրակություն է եկել, և սա հերթական աշխատանքային իրավիճակն է»,-ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ տրամաբանությունն այն է, որ միության ներսում արտադրված ապրանքները պետք է ազատ տեղաշարժվեն։

Նա նաև նշել է, որ նման հարցերը պարբերաբար քննարկվում են ինչպես ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի, այնպես էլ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերում։

«Ես միակ ղեկավարն եմ, որ երկու ձևաչափում էլ մասնակցում եմ»,-ասել է Փաշինյանը։