Սևանա լճից 2026 թ. ոռոգման նպատակով բաց կթողնվի ավելի քան 140 մլն խմ ծավալով ջուր

Սևանա լճից 2026 թ. ոռոգման նպատակով բաց կթողնվի ավելի քան 140 մլն խմ ծավալով ջուր
Սևանա լճից ոռոգման նպատակով 2026 թ–ին բաց կթողնվի մինչև 143.6 մլն խմ ծավալով ջուր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշենք, որ օրենքով տարեկան ոռոգման նպատակով լճից ջուր է վերցվում ոչ ավելի, քան 170 մլն խմ։ Ավելի մեծ ծավալի անհրաժեշտության դեպքում կառավարությունը թույլտվություն է խնդրում խորհրդարանից: 2025 թ. կառավարությունը դիմել էր լրացուցիչ 30 մլն խմ–ի թույլտվություն ստանալու համար։
ՀՀ կառավարությունից նշում են, որ որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:
Որոշման մեջ նաև նշվում է, որ Սևան–Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի տակ գտնվող ոռոգելի հողերից 2026 թվականի ոռոգման շրջանում ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն` ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 30.13 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը կկազմի շուրջ 487.7 մլն խմ:
Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից, Ազատի ջրամբարից, Ապարանի ջրամբարից` հաշվի առնելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` ՀՀ գետերի 2026թ. գարնանային վարարումների կանխատեսումը:
Արդյունքում, հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմել է շուրջ 140.0 մլն խմ, որը կվերցնեն Սևանից։