Իրավիճակը կառավարելի է, մեծ հաշվով Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան

Իրավիճակը կառավարելի է, մեծ հաշվով Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան

Ես ուզում եմ նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բազմաթիվ ջերմատնային տնտեսություններ ենք ստեղծել, այդ թվում՝ վարդի կամ այլ ծաղիկների, որոնց նմանը չկա ԵԱՏՄ-ում կամ այդպիսի լավ որակի քիչ կա, այդ թվում՝ նաև ՌԴ-ում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Դա մեզ հնարավորություն է տալիս ԵՄ-ի շուկա և ԱՄՆ էլ արտահանում իրականացնել: Մենք հիմա մեխանիզմներ ենք քննարկում, օրինակ՝ վարդի մասով, Եվրոպական միության շուկա դուրս գալու»,-նշել է նա:

Խոսելով Ռոսսելխոզնադզորի՝ Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակումների մասին, Պապոյանն ասել է՝ «Էկոնոմիկայի նախարարության գործընկերը «Минэкономразвития»-ն է, ոչ թե «Ռոսսելխոզնադզոր»-ը, այսինքն՝ պետք է ճիշտ հարցերն իրար կողքի դնել։

Մեր և ՌԴ-ի հարաբերություններն իրականում շատ լավն են, գործընկերային են:  Առանձին հարցերի շուրջ մամուլում որոշակի լարվածությունները, այսպես ձևակերպեմ, ավելի հեռու են այն իրականից, որը կա: Կարծում եմ՝ այնուամենայնիվ, այդ լարվածությունների վերջին օրը կլինի հունիսի 7-ը: Հունիսի 8-ին, ժողովրդի հաղթանակից հետո, ամեն ինչ լինելու է իդեալական և ռուսական կողմն էլ է նշել, որ շատ լավ աշխատելու է մեր հետ: Դրա մասին ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, այնպես որ՝ ամեն ինչ լավ է լինելու»,-ասել է Պապոյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք՝ Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագումով և առաքմամբ ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։