Ինժեներական քաղաքում կբացվի չիպեր նախագծող ընկերության կենտրոնը. 300-400 նոր աշխատատեղ
Ինժեներական քաղաքում երեկ տեղի է ունեցել «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։
«Շինության հիմքում խորհրդանշական պարկուճը տեղադրել եմ ընկերության համահիմնադիրներ Արմեն Բալդրյանի և Էդուարդ Մուսայելյանի հետ միասին»,- ՖԲ իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախատեսվում է, որ նոր տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կստեղծվի 300-400 աշխատատեղ՝ նպաստելով Հայաստանում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը, մասնագիտական ներուժի զարգացմանը և տեխնոլոգիական էկոհամակարգի ընդլայնմանը։
«Ինտտեգրալ Սոլյուշնսի» նոր տեխնոլոգիական կենտրոնում կտեղակայվի նաև ընկերության կողմից Siemens-ից ձեռք բերված գերհամակարգիչը՝ էմուլյատորը, որը կարևոր նշանակություն ունի կիսահաղորդչային ոլորտի զարգացման համար։ Այն հայկական ընկերություններին հնարավորություն կտա տեղում իրականացնել նախագծվող չիպերի թեստավորումն ու վավերացումը՝ մինչև արտադրական փուլ անցնելը։ Մինչ այժմ հայկական ընկերություններն այդ գործընթացն իրականացրել են արտերկրում՝ կրելով զգալի ժամանակային և ֆինանսական ծախսեր։
Այս ենթակառուցվածքով Հայաստանը դառնում է ոչ միայն ծրագրային լուծումներ մշակող, այլև սեփական ապարատային տեխնոլոգիաների և չիպերի նախագծմամբ զբաղվող տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն՝ ամրապնդելով երկրի տեխնոլոգիական մրցունակությունը և խթանելով արհեստական բանականության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտների առաջընթացը։