Գազի թանկացումը կազդի էլեկտրաէներգիայի գնի վրա. Մեսրոպյան

Գազի թանկացումը կազդի էլեկտրաէներգիայի գնի վրա. Մեսրոպյան
Եթե իրականությունից բխող պայմանները բերեն գազի թանկացման, հանրությունը պետք է պատրաստ լինի։ Երեկ լրագրողներին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Կարծում եմ` առանձնապես ոչ մի աշխարհացունց բան տեղի չի ունենա մեր իրականության մեջ, բայց պետք է հաշվի նստենք այդ հանգամանքի հետ»,– նշեց Մեսրոպյանը։
Հանձնաժողովի ղեկավարը, սակայն, պարզաբանեց, որ սահմանին գազի գնի փոփոխությունը, եթե իրականություն դառնա, ապա չի սահմանափակվի միայն կապույտ վառելիքի թանկացմամբ։ Հիշեցրեց, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի զգալի մասն արտադրվում է ջերմային կայաններում։
«Պետք է հաշվի նստենք այն հանգամանքի հետ, որ մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 35 %-ը արտադրվում է գազային վառելիքով` ջերմային կայաններում։ Հետևաբար, այդ չափաբաժնով նման բացասական ազդեցություն կարող է ունենալ գազի գնի թանկացումը էլեկտրաէներգիայի սակագների վրա»,– շարունակեց նա։
Մեսրոպյանը հավաստիացրեց, որ ՀԾԿՀ թե՛ իր ղեկավարման, թե՛ իրեն նախորդած գործընկերների ղեկավարման տարիներին միշտ արել է հնարավորը, որ ժամանակից շուտ սակագների թանկացում տեղի չունենա, քանի որ սպառողի համար նույնիսկ կես դրամի փոփոխությունն արդեն իսկ ծանր է։
Նրա խոսքով՝ տեխնոլոգիական առաջընթացն ու Հայաստանում իրականացված բարեփոխումները հուսալի պաշտպանական շերտ են ստեղծել։