Մոդուլային ատոմակայանի հարցում ՀՀ–ն հերթի մեջ 8–րդն է. Մեսրոպ Մեսրոպյան

Մոդուլային ատոմակայանի հարցում ՀՀ–ն հերթի մեջ 8–րդն է. Մեսրոպ Մեսրոպյան
Գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացումն այժմ ավելի կարեւոր է, քան նոր կայանի մոդելի ընտրությունը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Նա ընդգծեց, որ չի փորձում կուրորեն պաշտպանել մոդուլային կամ ավանդական սերիական արտադրության տիպերը, քանի որ վերջնական լուծում կամ պաշտոնական որոշում այս պահին չկա, և հարցը դեռ խոր ուսումնասիրության կարիք ունի։
Անդրադառնալով այն մտահոգություններին, թե Հայաստանը կարող է վերածվել չփորձարկված տեխնոլոգիաների փորձարկման վայրի` Մեսրոպյանը հայտնեց, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, մինչ հայկական նախագծի կյանքի կոչվելը աշխարհի մի քանի երկրներ արդեն կանցնեն այդ ուղին։
«Մինչև այդ մոդուլային կայանը կսարքեն` տվյալ նոր տիպի մոդուլային կայան, աշխարհի առնվազն 8 երկրում արդեն այդ նմանատիպ մոդուլային կայաններ կառուցված կլինեն։ Իմ ինֆորմացիայով՝ նախնական այդ հերթի մեջ 8-րդ տեղում ենք»,– ասաց ՀԾԿՀ նախագահը։
Չնայած այս հեռանկարին՝ նա կոչ արեց էներգետիկներին ու պետական այրերին այս պահին ուժերը կենտրոնացնել ավելի հրատապ խնդրի վրա։ Ըստ Մեսրոպյանի` առաջնահերթ պետք է կենտրոնանալ Մեծամորում գործող ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու խնդրի վրա։
«Գործող բլոկի կյանքը երկարացնելուց հետո միայն, բավարար ժամանակի առկայության պայմաններում, կարող ենք անցնել նոր ատոմակայանի կառուցման նախագծմանն ու վերջնական որոշումների կայացմանը»,– շեշտեց ՀԾԿՀ նախագահը։
Մեսրոպյանի խոսքով` վերջնական ընտրության համար դեռ ժամանակ կա, և ևս մեկ անգամ շեշտեց, որ ատոմակայանների հարցով ՀՀ–ում վերջնական որոշում կայացված չէ։
Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանում նոր էներգետիկ հզորությունների, մասնավորապես մոդուլային ատոմակայանների ներդրման շուրջ քննարկումները պետք է տեղափոխվեն բացառապես մասնագիտական դաշտ։ ՀԾԿՀ նախագահի դիտարկմամբ՝ ատոմային էներգետիկայի նման բարդ ոլորտի շուրջ խորքային մասնագետների փոխարեն հաճախ խոսում են ոչ մասնագետները։
«Սա այն փուլն է, որտեղ պետք է ավելի շատ խոսեն մասնագետները` տվյալ նեղ ոլորտի նեղ մասնագետները, մինչդեռ մեր իրականության մեջ մի քիչ հակառակն է տեղի ունենում։ Որոշ մարդիկ հաճախ, երբեմն ես էլ մամուլով կամ հեռուստատեսությամբ տեսնում եմ, որ փորձագետներ են, բայց հետո պարզում է, որ ոլորտում մեկ ժամվա աշխատանքի փորձ չունեն։ Ես ընդամենը ուզում եմ, որ դա ավելի հիմնավորված և գրագետ գնա, ոչ թե ինչ-որ քաղաքական ամբիցիաներով շաղախված»,– ասաց նա։
Մեսրոպյանը շեշտեց, որ նոր տեխնոլոգիաների փորձարկված լինելու հանգամանքն ու ռիսկերի գնահատումը չափազանց կարևոր են, բայց միայն ռիսկերով առաջնորդվելն ու նորարարությունից հրաժարվելը սխալ մոտեցում է։