Հայաստանն աշխարհի ամենաշատ ձեռներեցներ ունեցող երկրների տասնյակում է
OnDeck ընկերության կողմից իրականացված նոր հետազոտությունը, որը հիմնված է LinkedIn-ի տվյալների վրա, բացահայտել է աշխարհի ամենաշատ ձեռներեցներ ունեցող քաղաքներն ու երկրները:
Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանը զբաղեցնում է երրորդ հորիզոնականն աշխարհում՝ 10,000 աշխատողի հաշվով ունենալով 156.3 բիզնես հիմնադիր, իսկ մայրաքաղաք Երևանը խոշոր քաղաքների համաշխարհային վարկանիշում հայտնվել է յոթերորդ տեղում: Վիճակագրության համաձայն՝ Երևանում յուրաքանչյուր 10,000 աշխատողի հաշվով կա 237.3 բիզնես հիմնադիր:
Զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում արձանագրված այս բարձր ցուցանիշի նախադրյալներին: Նշվում է, որ վերջին տարիներին երկրում տնտեսական փոփոխությունները նոր լավատեսություն են բերել ձեռնարկատիրական ոլորտ: Տեղացի գործարարներից մեկի՝ նախկինում BBC-ին տված հարցազրույցի վկայակոչմամբ՝ հայաստանյան ձեռներեցներն այս լավատեսությունն ու փոփոխությունների շրջանը դիտարկում են որպես նորարարությունների համար իդեալական ժամանակահատված:
Տարածաշրջանում բարձր ցուցանիշ է գրանցել նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին, որը վարկանիշային աղյուսակում զիջում է Երևանին՝ 10,000 աշխատողի հաշվով ունենալով 223.4 բիզնես հիմնադիր։
Համաշխարհային ընդհանուր պատկերում անվերապահ առաջատարը Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքն է՝ 10,000 աշխատողի հաշվով 353.7 հիմնադրով, իսկ աշխարհի 20 ամենաձեռնարկատիրական քաղաքներից ութը գտնվում են ԱՄՆ-ում:
Երկրների մակարդակով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Էստոնիան, որտեղ 10,000 աշխատողին բաժին է ընկնում 218.6 բիզնես հիմնադիր: Սեփական գործը սկսելը մեծապես կախված է անհատական ձգտումներից, բայց, ըստ հետազոտության, աշխարհագրական դիրքն ու տեղական միջավայրը վճռորոշ դեր են խաղում նոր բիզնեսների ստեղծման հավանականության հարցում։