Ե՞րբ հանրությունը հայրենական զինատեսակներին ծանոթանալու հնարավորություն կունենա․ Հանրային ռադիո

Ե՞րբ հանրությունը հայրենական զինատեսակներին ծանոթանալու հնարավորություն կունենա․ Հանրային ռադիո

ԲՏԱ նախարարը հայտնել էր, որ առաջին անգամ տեղական արտադրության միլիոնավոր դոլարների զենք է արտահանվել Հայաստանից, ինչը կառավարության ռազմավարական նպատակներից մեկն էր։ Նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ավելի վաղ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում մանրամասնել էր, թե ինչ փուլում է ռազմաարդյունաբերական ոլորտը, ինչ մարտահրավերներ կան, և ինչպես է գործադիրը պատկերացնում ոլորտի երկարաժամկետ զարգացումը։

Հայկական երեք ընկերություն միլիոնավոր դոլարների զենք է արտահանել երկու երկիր այս ամսվա ընթացքում։ Տեղեկությունը հրապարակել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը՝ շեշտելով, որ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, թե Հայաստանը զենք ներկրող երկրին զուգահեռ կդառնա նաև արտահանող․

«Հայկական ընկերությունները առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել վերջնական օգտագործման երկրներ։ Ես ուզում եմ ասել, որ սա վերջին տարիներին եղել է Հայաստանի Հանրապետության կառավարության երազանքը և ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Հենց սա էր պատճառը, որ կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել և ապագայում ևս շարունակելու է կատարել այդ մեծածավալ ներդրումները ռազմարդյունաբերության ոլորտի մեջ»։

Նախարարը չի մանրամասնել, թե զենքի որ տեսակների մասին է խոսքը՝ ընդգծելով միայն, որ արտահանումը հնարավոր է դարձել Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Արտաքին գործերի նախարարության համատեղ աշխատանքի շնորհիվ։  ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը օրերս Հանրային ռադիոյին տված հարցազրույցում մանրամասնել էր, որ ոլորտի զարգացման ամենալուրջ խթանը եղել է բյուջեի ավելացումը․

«Որը 2022–2025 թվականների համար կազմել է 170 մլրդ դրամի չափ։ Դա եղել է ուղղակի ուժեղ խթան ամբողջ արդյունաբերության զարգացման և կայացման համար։ Եթե մի փոքր ավելի մանրամասնենք, այս գումարը արդեն պատրաստի պրոդուկտների գնում է։ Այսինքն՝ պայմանագրեր Պաշտպանության նախարարությունում հայկական արտադրության զինամթերք հանձնելու, տրամադրելու համար։ Իսկ առանձին բյուջեն այն  գումարն է, որը ծախսվում է նոր պրոդուկտների մշակման համար։ Այսինքն՝ դա ներդրում է, ըստ էության, գիտության և փորձարարական մշակումների մեջ»։

Նախորդ երեք տարիներին ռազմարդյունաբերության՝ տեղական արտադրության գնումները կազմել են 170 մլրդ դրամ, իսկ ընդհանուր ռազմատեխնիկական գործակցությունը նաև արտասահմանյան արտադրողներից մի քանի միլիարդի են հասել՝ ասել էր Արամ Ջիվանյանը․

«Այս պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ արդեն երկնիշ տոկոս է կազմում միայն տեղական արտադրանքը մեր սպառազինության մեջ, վերջին տարիների ձեռքբերումների մեջ»։

Այս ոլորտում հաջորդ կարևոր քայլերից մեկը պետք է լինի ռազմարդյունաբերության զարգացման ռազմավարության ստեղծումը։ Այն, անկախ բովանդակությունից, պետք է հենվի երեք հիմնական կետի վրա՝ մանրամասնել էր Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը․

«Ռազմարդյունաբերությունը գիտության զարգացման լոկոմոտիվներից մեկն է, ռազմարդյունաբերությունը՝ առանձին։ Բարձր տեխնոլոգիական արտադրությունը՝ արտահանման հեռանկարով, և, իհարկե,  ռազմարդյունաբերությունը պետք է նպաստեն մեր բանակի տեխնոլոգիական առաջընթացին, այսինքն՝ այն փաստը, որ ռազմարդյունաբերությունը գիտության զարգացման ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում, այդ առումով ես կասկած չունեմ։ Եվ միանշանակ ու անպայման է, որ այն ներդաշնակվի ինչ-որ մի պահից, այսպես ասած»։

Զենքի մոդելավորումից, փորձարկումից  մինչև  զինանոց հասնելը երկար, բարդ ու հաճախ ընդհատվող ճանապարհ է՝ շեշտել է Ջիվանյանը։ Սա, ըստ նրա,  ոլորտի դանդաղ զարգացման պատճառներից մեկն է, սակայն պարբերաբար տեսանելի ու շոշափելի արդյունքներ են գրանցվում․

«Շատ ոգևորիչ է առաջընթացը, բայց հիմա մենք մտնում ենք շատ ավելի բարդ, շատ ավելի պատասխանատու փուլ, որը կարող ենք ասել, գուցե, հասունացման փուլ է։ Մեր նպատակն է թե՛ որակապես, թե՛ միջազգային շղթաների մեջ ներգրավելու առումով բոլոր մակարդակի հասցնել մեր ընկերություններին։ Սա լրիվ նոր մարտահրավեր է։ Կամայական բիզնեսմեն կամ նույնիսկ սպորտսմեն գիտի, որ երբ հաղթահարում ես մի նշաձող, ինչքան շատ ավելի բարդ է, չէ՞, հաջորդ նշաձողը։ Մենք հիմա կանգնած ենք էդ անցումային կետում»։

Անդրադառնալով հարցին, թե այնուամենայնիվ ինչ կա հայրենական արտադրության զինանոցում, Արամ Ջիվանյանը նշել է, որ առաջիկայում հանրությունը երկու հնարավորություն կունենա դրանք առաջին ձեռքից ուսումնասիրելու։ Առաջինը մայիսի 28-ին տեղի ունենալիք շքերթ-հաշվետվությունն է, երկրորդը՝ հունիսի 3-ից 4-ը անցկացվելիք ցուցահանդեսը․

«Ռազմարդյունաբերական էքսպո չէ, որպես այդպիսին, նորարարությունների ինժեներիայի էքսպո է, բայց հիմնական պրոդուկտները, որ էքսպոյում կցուցադրվեն, կլինեն նաև մեր ռազմարդյունաբերական համալիրի մշակումները։  Հանրությունն իրոք առիթ կունենա մոտից, շատ մոտից տեսնելու այդքան քննարկված ամենատարբեր զինատեսակները, որոնք մշակվել են վերջին տարիներին»։

Կոմիտեի գլխավոր նպատակը 5-10 տարվա կտրվածքով կայուն և երկարաժամկետ աճ ապահովելն է՝ ամփոփել էր Արամ Ջիվանյանը։