ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը Միության պետությունների ղեկավարները կքննարկեն մայիսի 29-ին Աստանայում
Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակը պետությունների ղեկավարները կքննարկեն մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հարցը շատ բարդ է։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք չենք ուզում, որ Հայաստանը հեռանա ԵԱՏՄ-ից, մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ մերձեցման դեպքում։ Սկզբունքորեն, դրանք արդեն իսկ առաջանում են»,- ասել է նա ՏԱՍՍ-ին։
Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության 11 տարիների ընթացքում երկիրը ծաղկել է, աճել են կենսամակարդակն ու ՀՆԱ-ն։
«Այս ամենը մեծապես տեղի է ունենում շնորհիվ այն տնտեսական արտոնությունների, որոնք տալիս է ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Ոչ ոք չի կարող դա փոխարինել Հայաստանի համար»,- ասել է նա։
Փոխվարչապետի խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի այն տնտեսական առավելությունները, որոնք այժմ ունի։
«Բայց եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, ապա մեզ մոտ, բնականաբար, հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ պետք է մենք դրան աջակցենք մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրներին, ապա ինչո՞ւ պետք է մենք աջակցենք դրան»,- ասել է նա։
Նշելով, որ հայկական կողմը հայտարարում է ԵՄ-ին ձգտելու և նրանց ստանդարտներին անցնելու մասին, բայց միևնույն ժամանակ ցանկանում է առայժմ մնալ ԵԱՏՄ-ում և օգտվել բոլոր տնտեսական արտոնություններից՝ Օվերչուկն ասել է, որ Հայաստանի համար ավելի լավ է արագ կողմնորոշվել, «դա ավելի ազնիվ կլինի թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց Հայաստանի նկատմամբ»։
«Բացի այդ, այս անորոշությունը տնտեսական օպերատորներին ստիպում է սպասողական դիրք գրավել և խանգարում է երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների կառուցմանը։ Բայց, ընդգծում եմ, մենք ուզում ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, իսկ ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է»,- ընդգծել է նա։
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին։ Միության կազմում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Աղբյուրը՝ arka.am