ChatGPT-ն հասանելիություն կստանա օգտատերերի բանկային հաշիվներին

ChatGPT-ն հասանելիություն կստանա օգտատերերի բանկային հաշիվներին

OpenAI-ը հայտարարել է ChatGPT-ի նոր գործառույթի նախնական տարբերակի մասին, որը թույլ կտա օգտատերերին միացնել իրենց բանկային հաշիվները AI չաթբոտին։ Դրա համար կօգտագործվի Plaid հարթակը, որը կապում է բանկերն ու տարբեր հավելվածները և աշխատում է ավելի քան 12,000 ֆինանսական հաստատությունների հետ։

Բանկային հաշիվը միացնելուց հետո ChatGPT-ում կհայտնվի ֆինանսական կառավարման վահանակ, որտեղ օգտատերերը կկարողանան տեսնել իրենց ծախսերի պատմությունը, ակտիվ բաժանորդագրությունները, հաշիվների մնացորդները և այլ ֆինանսական տվյալներ։ Բացի այդ, ChatGPT-ն կկարողանա օգնել ֆինանսական որոշումների հարցում, օրինակ՝ տուն գնելու, վարկային քարտ ընտրելու կամ ծախսերի կառավարման վերաբերյալ խորհուրդներով։

Նոր գործառույթը սկզբնական փուլում հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում գտնվող այն օգտատերերին, որոնք բաժանորդագրված են ChatGPT Pro փաթեթին՝ ամսական 200 դոլար արժեքով։ Ընկերությունը նշում է, որ հետագայում նախատեսվում է ծառայությունը հասանելի դարձնել նաև Plus բաժանորդներին և ավելի լայն շրջանակի օգտատերերի։

OpenAI-ը պնդում է, որ օգտատերերը լիարժեք վերահսկողություն կունենան իրենց տվյալների նկատմամբ։ Նրանք ցանկացած պահի կկարողանան անջատել բանկային հաշիվները ChatGPT-ից, ինչպես նաև ջնջել «ֆինանսական հիշողությունները»՝ օրինակ նպատակները կամ պարտավորությունների մասին տվյալները, որոնք պահպանվել են չաթբոտի կողմից։ Ընկերության փոխանցմամբ՝ ChatGPT-ն չի կարող փոփոխություններ կատարել բանկային հաշիվներում և չի տեսնում ամբողջական հաշվեհամարները։

Միևնույն ժամանակ, համակարգին հասանելի կլինեն հաշիվների մնացորդները, գործարքները, ներդրումային պորտֆելները, հիփոթեքային և վարկային պարտավորությունների մասին տեղեկությունները։ OpenAI-ը դեռ չի մանրամասնել, թե ինչ լրացուցիչ պաշտպանական մեխանիզմներ են կիրառվելու ֆինանսական տվյալների անվտանգությունն ապահովելու համար։

Ընկերության տվյալներով՝ արդեն ավելի քան 200մլն մարդ ամեն ամիս ChatGPT-ին դիմում է ֆինանսական թեմաներով հարցերով՝ սկսած բյուջե կազմելուց մինչև ծախսերը նվազեցնելու խորհուրդներ ստանալը։ OpenAI-ը վստահեցնում է, որ նոր ինտեգրումը նպատակ ունի օգտատերերին տալ ավելի ամբողջական պատկեր իրենց ֆինանսական վիճակի մասին՝ AI-ի օգնությամբ։