Գյումրիում ներկայացվել են Բակունցի և Մարիամ Ասլամազյանի կապի բացառիկ վավերագրերը
«Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում, որն այս տարի անցկացվում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրի ներքո, Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կայացել է բացառիկ ցուցադրություն-բանախոսություն։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Բաժանված ժամանակ, միավորված հիշողություն. Ակսել Բակունց-Մարիամ Ասլամազյան» խորագիրը կրող հատուկ միջոցառումը կազմակերպվել է պատկերասրահի, «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի և Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի համագործակցությամբ: Այս յուրահատուկ նախաձեռնությունն այցելուների համար բացահայտել է մի կարևոր, մինչ այժմ քիչ լուսաբանված էջ՝ հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի և գյումրեցի մեծահամբավ նկարչուհի Մարիամ Ասլամազյանի միջև ձևավորված մարդկային և ստեղծագործական սերտ կապի պատմությունից։
«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանը, անդրադառնալով երկու արվեստագետների ծանոթությանը, նշեց, որ այդ հանդիպումը կենսագրական ուշագրավ հանգամանք է, որի մասին հիշատակվում է նաև Ասլամազյանի ինքնակենսագրականում: 1935 թվականի ամռանն Ասլամազյան քույրերն առաջին անգամ մեկնել էին Գորիս՝ Զանգեզուրի բնաշխարհը վրձնելու նպատակով: Նույն ժամանակահատվածում Գորիսում էր գտնվում նաև Ակսել Բակունցը, որն աշխատում էր «Զանգեզուր» կինոնկարի սցենարի վրա: Հենց այստեղ էլ կայանում է նրանց ծանոթությունը, որից հետո Բակունցն անձամբ է ուղեկցում ու նկարչուհիներին ներկայացնում Զանգեզուրի գեղատեսիլ վայրերը: Այդ օրերից հյուսվում է նրանց ամուր բարեկամությունը, որը շարունակվում է երկարամյա նամակագրությամբ: Բակունցի արխիվի վերաբացման արդյունքում հայտնաբերվել են հետաքրքիր վավերագրեր, որոնք գեղեցիկ լույս են սփռում այս ջերմ հարաբերությունների վրա:
Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես