Ծովինարի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Ծովինարի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն 460 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում Ծովինարի 5 տարբեր թաղամասերում՝ երկաթբետոնե կիսախողովակներով, 1370 մետր երկարությամբ։

Շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։

Ծրագրի իրականացման շնորհիվ 2026 թվականի ոռոգման շրջանի մեկնարկից շուրջ 120 տնտեսության ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։