ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը Ճամբարակում ծանոթացել են ոռոգման ջրամբարի կառուցման ծրագրի արդյունքներին
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ծանոթացել են ոռոգման ջրամբարի կառուցման ծրագրի արդյունքներին։
Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Հայաստանում Ճապոնիայի դեսպանի և ՄԱԶԾ ներկայացուցչի այցի առաջին կանգառը եղել է Ճամբարակ համայնքում, որտեղ նախորդ տարի ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում կառուցվել է 11 հազար խորանարդ մետր օգտակար ծավալով օրվա կարգավորվող ջրամբար (ՕԿՋ)։ Այցին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խորհրդական Աշոտ Գիլոյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
Ակնկալվում է, որ ջրամբարը զգալիորեն կբարելավի ոռոգման ջրի հասանելիությունը՝ հնարավորություն տալով վերականգնել ոռոգումը մինչև 200 հեկտար չոռոգվող վարելահողերում և ապահովել մինչև 200 տնտեսության շահառություն։ ՄԱԶԾ-ի կողմից ջրամբարի կառուցումից հետո Ճամբարակ համայնքը ներդրում է կատարել ՕԿՋ-ին կից 4,424 մետր երկարությամբ ոռոգման ջրի բաշխման համակարգի կառուցման մեջ։
Հյուրերը ծանոթացել են նաև փախստականներ ընդունող համայնքներում էներգետիկ դիմակայունության բարձրացման նպատակով հիմնական հանրային հաստատություններում տեղադրված հիբրիդ արևային համակարգերին։ 5 կՎտ հզորությամբ համակարգերը ստացիոնար են, իսկ 2 կՎտ հզորությամբ համակարգերը՝ շարժական և հեշտ տեղակայվող։ Նախատեսված լինելով ինչպես ցանցին միացված, այնպես էլ ինքնավար աշխատանքային ռեժիմների համար՝ այս համակարգերն ապահովում են կենսական ծառայությունների անխափան մատուցում էլեկտրաէներգիայի անջատումների ընթացքում։
Գեղարքունիքի մարզում, ընդհանուր առմամբ տեղադրվել է ինը համակարգ (չորս՝ 2 կՎտ և հինգ՝ 5 կՎտ), որոնցից ութը սպասարկում է Ճամբարակ համայնքը՝ համայնքապետարանի շենքը (5կՎտ), №3 մանկապարտեզը (5 կՎտ), բժշկական կենտրոնը (5 կՎտ), տեղական փրկարար ծառայության ջոկատը (5կՎտ և 2կՎտ), ինչպես նաև Ճամբարակի ամառային արոտավայրերը (3 միավոր 2կՎտ)։
Այնուհետ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին մեկնել են Կոտայքի մարզ՝ այնտեղ իրենց կողմից ներդրված ծրագրերին ծանոթանալու նպատակով։