ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ. Արմավիրի մարզում 2018-ից ի վեր ավելի քան 200 մլն դոլարի ներդրումներ են արվել. Փաշինյան

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ. Արմավիրի մարզում 2018-ից ի վեր ավելի քան 200 մլն դոլարի ներդրումներ են արվել. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակում է Արմավիրի մարզում։ 

Մայիսի 15-ին ՔՊ ներկայացուցիչները՝ կուսակցության վարչության նախագահ, արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելելու են մարզի Գայ, Էջմիածին, Մեծամոր, Դարալիկ և Սարդարապատ համայնքներ։ Երեկոյան նախատեսված է հանրահավաք Արմավիրի կենտրոնական հրապարակում։

Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ, որը նրան ներկայացրել է 2018-2026 թվականներին մարզում իրականացված ծրագրերը։

Այնուհետև ՔՊ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչների հետ, որից հետո Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018 թվականից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը Արմավիրի մարզում իրականացվել են ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր։

«Մենք 2018 թվականից սկսած մինչև 2026 թվականի մայիսի 1-ը Արմավիրի մարզում ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրումներ ենք արել տարբեր ծրագրերով, և մենք հստակ և աներկբա բոլոր մարզերում, բոլոր բնակավայրերում կարող ենք տեսնել այդ երևույթը, որը մեզ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր ծաղկում է ապրում բառիս բուն իմաստով»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ զարգացումները հնարավոր են դարձել աշխատող քաղաքացիների և Կառավարության գործունեության շնորհիվ։

«Այդ ծաղկումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող քաղաքացիների աշխատանքով և Հայաստանի Հանրապետության կառավարության և քաղաքական մեծամասնության, խորհրդարանական մեծամասնության համակարգմամբ»,- նշել է նա։

Նա անդրադարձել է նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ընդգծելով ինտենսիվ այգիների զարգացման ուղղությունը։

«2018 թվականից մինչև այսօր Արմավիրի մարզում ավելի քան 6000 հա ինտենսիվ այգի է հիմնադրվել։ Մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչ թվի մասին է խոսքը, որովհետև ինտենսիվ այգին այն այգին է, որտեղ բացարձակապես քարից հաց քամելու անհրաժեշտություն չկա»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ առաջիկա տարիներին ջրային քաղաքականությունը լինելու է կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկը։

«Մենք գնալու ենք անպայման այս ճանապարհով՝ սկսած կաթիլային ոռոգումից և շարունակած ջրամբարների կառուցմամբ, ջրի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ։  Ջրային թեմաները, ինչպես արդեն ասել ենք, մեզ համար լինելու են 5 առաջնահերթություններից մեկը առաջիկա 5 տարիների ընթացքում»,- նշել է նա։

Մայիսի 8-ին Հայաստանում մեկնարկել է հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ Կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։