Հայաստանի նոր քայլերը TRIPP-ի և ատոմակայանի հարցերով․ Հանրային ռադիո

Հայաստանի նոր քայլերը TRIPP-ի և ատոմակայանի հարցերով․ Հանրային ռադիո

TRIPP ծրագիրը մտնում է գործնական իրականացման փուլ, իսկ ատոմակայանի հարցով Հայաստանը սպասում է լավագույն առաջարկի իր գործընկերներից։ Ընդ որում, այս հարցում Հայաստանը ստացել է առնվազն հինգ առաջարկ։

Թեև այս թեման հաճախ ներկայացվում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող, բայց պաշտոնական Երևանը հայտարարում է՝ ատոմակայանի հարցում քաղաքական որոշում չի կայացնում, առաջնորդվում է տնտեսական նպատակահարմարությամբ։ Ինչ վերաբերում է TRIPP-ին, ապա աշխատանքները մտել են ակտիվ գործնական փուլ։

TRIPP նախագծի աշխատանքներին ընթացք տալու նպատակով միանգամից երկու պատվիրակություն է Հայաստան ժամանել վերջին օրերին։ Մայիսի 11-12-ը ԱՄՆ Պետդեպարտամենտի և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները Հայաստանի կառավարության հետ համաձայնեցրել են TRIPP ծրագրին առնչվող մի շարք գործառնական, իրավական և ֆինանսավորման հարցեր:

Հաջորդիվ՝ մայիսի 13-ին, Հայաստան է ժամանել ամերիկյան հայտնի AECOM ինժեներական-խորհրդատվական ընկերության մասնագիտական խումբը: Նրանց այցը պատվիրակվել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» կողմից։ Թիմը Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է TRIPP նախագծի տեղանքի հետազոտման և տեխնիկատնտեսական հիմնավորման  մշակման աշխատանքները:

Այս աշխատանքներին զուգահեռ վերջնականացվում է նաև միջպետական պայմանագրի նախագիծը։ Պաշտոնական Երևանն առաջիկայում կոնկրետ փաստաթուղթ ձևակերպելու հույս ունի՝ հաստատում է Հայաստանի վարչապետը։

«Մենք ուզում ենք հնարավորինս շուտ դե յուրե դա ստորագրենք, և ուժի մեջ մտնի։ Այսինքն` գործնականում ամենօրյա աշխատանք է գնում TRIPP-ի շուրջ․ և՛ տարածքի ուսումնասիրություն, և՛ ֆինանսական ներդրումային հետաքրքրությունների ուսումնասիրություն, և՛ կառավարման մոդելների ուսումնասիրություն, և՛ դե յուրե նշանակություն ունեցող պայմանագրի ուսումնասիրություն»։   

Իրավական առումով պայմանագրի կարգավիճակը քիչ ավելի բարձր է, քան կողմերի հայտարարությունը։

Հիմա այդ պայմանագրին, ներդրումներին առնչվող իրավական, ֆինանսական հարցեր կան հստակեցման ենթակա, որից հետո հնարավոր կլինի հստակեցնել շինարարությանն առնչվող հարցեր՝ մանրամասնել է արտաքին գործերի նախարարությունը։

Կառավարության գնահատականով՝ ամենաարագ քայլն այս հարցում լինելու է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի անցկացումը, որն ավելի քիչ ժամանակ ու ծախս է պահանջում, քան երկաթուղու կառուցումը և թույլ կտա արագորեն ապահովել էլեկտրաէներգիայի փոխանակումն ու ստեղծել աշխատատեղեր:

Հայաստանի էներգետիկ համակարգին առնչվող իրադարձությունները նույնպես արագ են զարգանում։ Պաշտոնական Երևանը հաստատել է օրեր առաջ։

Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինի հայտարարությունը ռուսական առաջարկների մասին։

Կալուգինը հայտարարել էր, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ։ Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ասել էր․

«Եթե Հայաստանի իշխանությունը ցանկանա այն իրագործել, դրա հզորությունը կբավարարի երկրի էներգետիկ կարիքները հոգալուն մի քանի տասնամյակ։ Այդպես Հայաստանը կապահովեր էլեկտրաէներգիայի էժան սակագին վերջնական սպառողի համար, ինչը կխթաներ երկրի տնտեսական աճը։ Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար է և կարող է Հայաստանին օգտակար լինել իր փորձով»։

Հայաստանն իր գործընկեր երկրներից չի թաքցրել, որ բանակցում է առնվազն հինգ ուղղությամբ, որպեսզի մինչև 2036 թվականը՝ գործող ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտը, լավագույն տարբերակն ընտրի և իրագործի։  

Հաստատելով Կալուգինի խոսքերը՝ պաշտոնական Երևանը, սակայն հստակեցնում է, որ առաջարկներ ստացել է նաև այլ երկրներից՝ ԱՄՆ, Կորեա, Ֆրանսիա, Չինաստան։

Երևանը, սակայն, ցանկանում է առաջնահերթորեն կիրառել իր ունեցած բնական ռեսուրսը՝ շեշտը դնելով արևոտ օրերի քանակի և արևային էներգիայի հնարավորությունների վրա։ Այս պահին Հայաստանի համար առաջնային չի համարվում մեծ հզորությամբ ատոմակայանի կառուցումը։ Գործադիրն այս փուլում շեշտը դնում է մոդուլային ատոմակայանի տարբերակի վրա՝ հաստատում է վարչապետը։ Որոշումը կայացնելու համար դեր է խաղացել մի քանի գործոն։

«Ինչո՞վ է լավ մոդուլյարը, որ մի մոդուլ կառուցում ես, որոշ ժամանակ անց կարող ես երկրորդը կառուցել, երրորդը, չորրորդը։ Եվ ամենակարևորը` անվտանգության հետ կապված․ մոդուլային ատոմակայանը, կոպիտ ասած, Չեռնոբիլի վթար չի կարող ունենալ։ Սա մեզ համար ամենակարևոր հարցն է, որ մոդուլային ատոմակայանում վթարը համարվում է տեղային միջադեպ։ Մոդուլային ատոմակայանից մի կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրը վթարի պարագայում չի էվակուացվում։ Սա է ամենակարևոր առանձնահատկությունը»։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ատոմակայանին փոխարինելու լուծումներ փնտրելիս քաղաքական որոշում չի կայացնում, առաջնորդվում է տնտեսական նպատակահարմարությամբ, ծրագրի տևականությամբ և շահավետությամբ։   

Մոդուլային ատոմակայանը, որպես այդպիսին, նորություն է աշխարհում։ Մասնագետները զգուշացնում են, որ դրա փորձնական կիրառության արդյունքների մասին պատկերացումներն ամբողջական չեն։ Բայց նաև օրինակ է բերվում Ռուսաստանում գործարկված նախագիծը՝ ծովի վրա լողացող մոդուլային ատոմակայանը։ Հայաստանը հստակեցնում է՝ որոշում կայացնելու համար պետք է համադրի և համեմատի տեխնոլոգիայի և գնի առաջարկները՝ ընտրելու լավագույնը։