ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ. Բազմազավակ ընտանիքների հարկային բեռը կնվազի, կտրամադրենք բնակարան. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը քարոզարշավի 5-րդ օրը Դիլիջանի Շամախյան թաղամասում խոսել է բազմազավակ ընտանիքների խնդիրներից։ Թաթոյանի խոսքով՝ բազմազավակ ընտանիքների հարկային բեռը կնվազի յուրաքանչյուր երեխայի հաշվարկով։
«Առաջարկվող ծրագիրը փոխում է գործող հարկային տրամաբանությունը՝ ընտանիքը դիտարկելով որպես միասնական հարկային սուբյեկտ։ Այսօր հարկ վճարող է համարվում յուրաքանչյուր ֆիզիկական անձ։ Մեր առաջարկով` երբ ընտանիքը դառնում է բազմազավակ, հարկ վճարող են համարվում արդեն ոչ թե ամուսինները կամ ընտանիքի անդամներն առանձին-առանձին, այլ ընտանիքը՝ որպես մեկ սուբյեկտ։ Յուրաքանչյուր երեխայի համար կլինի ընդլայնված չհարկվող շեմ՝ հատկապես երկրորդ և երրորդ երեխաներից սկսած։ Բազմազավակ ընտանիքներին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում»,- մանրամասնել է Թաթոյանը։
Թաթոյանը վստահ է, որ այս գաղափարը կյանքի կոչելու դեպքում երկրում ծնելիությունը կավելանա, ինչպես նաև էական աջակցություն կլինի երիտասարդ ընտանիքների համար։
«Դա կաջակցի երիտասարդ ընտանիքներին և կապահովի երկրի ժողովրդագրական զարգացումը։ Մենք պետք է անպայման սա իրականացնենք. այլ ելք չունենք, որովհետև պետք է խթանենք ծնելիությունը, որպեսզի շատ երիտասարդ ընտանիքներ ձևավորվեն, շատ բալիկներ ծնվեն, և մեր բնակչությունն ավելանա հանուն երկրի ապագայի։ Սա շատ արդար մոտեցում է»,- ավելացրել է նա։
Թաթոյանը շեշտեց, որ Հայաստանի ապագան հիմնված է ամուր և բազմազավակ ընտանիքների, աշխատանքի հնարավորության և արդար ու հոգատար սոցիալական համակարգի վրա։