Վերակառուցվում է Կարճաղբյուր գյուղի զբոսայգին
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն աշխատանքային այց կատարեց Կարճաղբյուր բնակավայր
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ոլորտային համապատասխան մասնագետների և Կարճաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Տարոն Քոչարյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց կատարեց Կարճաղբյուր բնակավայր, որտեղ շարունակվում են ընթանալ համայնքային նշանակության բարեկարգման և վերակառուցման աշխատանքները։
Այցի շրջանակում համայնքի ղեկավարը տեղում հետևեց ամբողջությամբ վերակառուցվող այգու շինարարական աշխատանքներին։
Ծրագրով նախատեսված է հիմնովին փոխել նախկին բազալտե պարիսպը, վերակառուցել տարածքում գտնվող հուշարձանը և երեսապատել պատվանդանը։
Բարեկարգման աշխատանքների շրջանակում շուրջ 450 ք/մ տարածքում հիմնվելու է սիզամարգ՝ դեկորատիվ թփերի տնկմամբ, ինչպես նաև ձևավորվելու են ծաղկանոցներ։ Եվս 200 ք/մ տարածքում իրականացվում է անցուղիների սալիկապատում։ Նախատեսվում է նաև բազալտե սալերով նոր մուտքի կառուցում։
Այգու արևելյան հատվածում կառուցվում են մինի ֆուտբոլի և բասկետբոլի խաղադաշտեր՝ բնակավայրի երիտասարդների և երեխաների ակտիվ հանգիստն ու մարզական առօրյան խթանելու նպատակով։
Գլխավոր մուտքից դեպի հուշարձան տանող հատվածում տեղադրվելու են Կարճաղբյուրի զոհված հերոսների հուշատախտակները՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների։
Ծրագրով նախատեսված է նաև ամբողջ տարածքի արտաքին լուսավորության իրականացում գնդաձև լուսատուներով, ինչպես նաև երկու զրուցարանի տեղադրում՝ բնակիչների հանգստի և ժամանցի կազմակերպման համար։
Հավելենք, որ այգում արդեն գործում է երեխաների համար նախատեսված խաղահրապարակը, որն արդեն դարձել է փոքրիկների սիրելի վայրերից մեկը։
Բարեկարգ և ժամանակակից հանրային միջավայրերի ստեղծումը շարունակում է մնալ համայնքային զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը։
Ծրագիրն իրականացվում է բացառապես համայնքային բյուջեի միջոցներով, որի ընդհանուր արժեքը կազմում է 65.000.000 /վաթսունհինգ միլիոն/ ՀՀ դրամ