Գավառի կենտրոնական հրապարակում ընթանում են բարեկարգման և առկա համակարգերի արդիականացման աշխատանքներ
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում բարեկարգման և առկա համակարգերի արդիականացման ակտիվ աշխատանքներ են ընթանում. ներդրվում է ոռոգման ավտոմատ համակարգ՝ ժամանակակից լուծումներով, արդիականացվում է էլեկտրամատակարարման ցանցը։ Վերջիններիս գործող համակարգերը տարիների ընթացքում ենթարկվել էին տարբեր վնասվածքների։ Իրականացվում է նաև այս համակարգերի ստորգետնյա կայանի կառուցում։ Քաղաքի կենտրոնական հրապարակում կատարվում են նաև բարեկարգման աշխատանքներ․ նորացվում է առկա գազոնի շերտը, նախատեսվում է չորացած ծառերի փոխարինում նորերով։ Այս աշխատանքները նախատեսված է ավարտել մինչ մայիսի վերջ։ Հրապարակի բարեկարգման և առկա համակարգերի արդիականացման աշխատանքների իրականացման համար Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեից հատկացվելու է 28 միլիոն դրամ։
Աշխատանքների ավարտից հետո կգործարկվեն նաև շատրվանները, և Գավառի կենտրոնական հրապարակը այցելուներին կներկայանա իր ողջ շքեղությամբ։