Արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտ
Արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում և ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտ:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով առաջարկը, նշել է. «Լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ որևէ այլ տեսանկյունից նպատակահարմար չի դիտվում բացել ամբողջական դեսպանություն, բայց դիվանագիտական ներկայության անհրաժեշտություն կա, և այդտեղ ահա մենք առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում հավատարմագրված ՀՀ դեսպանը»:
Նախագծով առաջարկվում է վերանայել նաև դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները:
Առաջարկվում է սահմանել, որ դիվանագիտական ներկայացուցիչները պաշտոնավարում են առավելագույնը 5 տարի ժամկետով: Պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո դիվանագիտական ներկայացուցիչները կարող են նշանակվել այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում: Երկու իրար հաջորդող պաշտոնավարման ժամկետների ընդհանուր հանրագումարը չի կարող գերազանցել 8 տարին: Դիվանագիտական ներկայացուցիչները կարող են հետ կանչվել սույն մասում նշված ժամկետից շուտ:
Արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծով կարգավորումներ են նախատեսված նաև դիվանագիտական ծառայություն իրականացնողների վարձատրության վերաբերյալ: