Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է անցած աշխատանքային շաբաթը
«Հայանտառ» ՊՈԱԿ-ում
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանն ընդունել է Շվեյցարիայի Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) ներկայացուցիչներին՝ «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ–ի հետ համատեղ իրականացվելիք միջոցառումների քննարկման նպատակով։
«Հայանտառ» այցի շրջանակում շվեյցարացի փորձագետները «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում, մասնավորապես անտառտնկման և անտառօգտագործման ուղղություններով, ծանոթացել են Հայաստանում իրականացվող անտառկառավարման գործընթացին։
«Պետության պահանջարկի վրա հիմնված (demand driven) գիտահետազոտական նախագծեր-2025» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում սոճիների հիվանդությունների պատճառների հետազոտություն» գիտական թեմայի շուրջ անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ են իրականացվել Լոռու մարզի Տաշիրի և Ստեփանավանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառային տարածքներում։
Ուսումնասիրությունները համատեղվել են Լոռու մարզի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ներկայացուցիչների համար «Հայաստանի անտառներում տարածված վնասակար օրգանիզմները և դրանց դեմ պայքարի միջոցառումների բարելավման ուղիները» թեմայով մասնագիտական դասընթացով։
Միջոցառումներն իրականացվել են ՊՈԱԿ–ի գլխավոր անտառպաթոլոգ Տարոն Մանուկյանի, ծրագրի ղեկավարի և «Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների հետ համագործակցությամբ։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացվել է աշխատանքային քննարկում՝ արդյունագործական ձկնորսության մուտքի և ելքի 25 կետերում վերահսկողության առավել արդյունավետ կազմակերպման նպատակով։ Քննարկվել են որսաշրջանի կազմակերպման, վերահսկողության մեխանիզմների և սահմանված կարգի պահպանմանն առնչվող հարցեր։
Հիշեցում՝ հայտերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը ներառյալ։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում
Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի համատեղ մշակած կենսաբազմազանության մշտադիտարկման տասնամյա պլանի շրջանակում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող հատուկ պահպանվող տարածքներում իրականացվել է կրծողների մշտադիտարկում՝ «Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի գիտաշխատողների և ՊՈԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ։
‹‹Դիլիջան›› ազգային պարկ ՊՈԱԿ-ում
Շարունակվում են էկոկրթական ծրագրերը։ Ազգային պարկ են այցելել Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոցի և Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել են բաց դասընթացներ և քննարկումներ՝ ազգային պարկի գործունեության, կենսաբազմազանության, Կարմիր գրքային տեսակների, ինչպես նաև դեղաբույսերի կիրառության թեմաներով։ Աշակերտները մասնակցել են նաև դաշտային աշխատանքների՝ հավաքելով դեղաբույսեր նախագծային աշխատանքների համար։
Էկոկրթական ծրագրերի շրջանակում արգելոցի թանգարան են այցելել Արարատի մարզի դպրոցների աշակերտներ։ Ներկայացվել են արգելոցի պատմությունը, լանդշաֆտները, բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև հարակից պահպանվող տարածքների կենսաբազմազանությունը։ Քննարկվել են բնապահպանական խնդիրներ, կլիմայի փոփոխության ազդեցությունները և շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը։ Այցի ընթացքում աշակերտները դիտել են ֆոտոթակարդների կադրեր, մասնակցել կրթական խաղերի և Arloopa հավելվածի միջոցով վիրտուալ կերպով «նկարվել» ընձառյուծի հետ։