Հայաստանի և Լատվիայի նախագահները մի շարք բնագավառներում համագործակցությունն ամրապնդելու համատեղ հայտարարություն են ընդունել

Հայաստանի և Լատվիայի նախագահները մի շարք բնագավառներում համագործակցությունն ամրապնդելու համատեղ հայտարարություն են ընդունել

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսը առանձնազրույցի և պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն:

Նախագահները նշել են Հայաստանի և Լատվիայի միջև կառուցողական և բարեկամական հարաբերությունները և իրենց վճռական հանձնառությունն են հայտնել՝ շարունակելու առավել ամրապնդել քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերը և համագործակցությունը տնտեսության, առևտրի, շրջակա միջավայրի, մշակույթի, կրթության, երիտասարդության և այլ բնագավառներում։ Երկու կողմերն ընդգծել են համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջև հաղորդակցության ու խորհրդակցությունների կարևորությունը՝ ինստիտուցիոնալ համագործակցության խորացման նպատակով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ընդգծելով տնտեսական համագործակցության կարևորությունը՝ Խաչատուրյանը և Ռինկևիչսը հաստատել են, որ հետաքրքրված են շարունակելու ամրապնդել տնտեսական ոլորտի ներկայացուցիչների միջև կապերը և ուսումնասիրել ներդրումային ու շուկայական հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային նորարարությունների, տրանսպորտի և լոգիստիկայի, գյուղատնտեսության և սննդի վերամշակման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում։

Նախագահները նաև կարևորել են կանխատեսելի և բարենպաստ բիզնես ու ներդրումային միջավայրի ապահովումը, ներդրումների փոխադարձ պաշտպանությունը, ինչպես նաև Եվրոպական միության պատժամիջոցների շրջանցումը կանխելու և խափանելու ուղղությամբ շարունակական համագործակցությունը:

Ընդգծելով հայկական կողմի ջանքերը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների և արտաքին միջամտությունների նկատմամբ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ երկու երկրների նախագահները ողջունել են Հայաստանում ԵՄ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) նոր առաքելություն տեղակայելու որոշումը։

Արձանագրելով Եվրոպական միության և Հայաստանի միջև խորացող կապերը, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական նպատակը՝ առավել ամրապնդելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգային և սոցիալական կապերը ԵՄ-ի և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ, նախագահները կարևորել են 2026 թվականի մայիսի 5-ին կայացած առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքները՝ որպես երկու կողմերի միջև գործընկերության հետագա խորացման պատմական հանգրվան։ Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և Հայաստան-ԵՄ գործընկերության նոր Ռազմավարական օրակարգի շրջանակներում։ Այս համատեքստում նախագահները աջակցություն են հայտնել Հայաստան-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հետագա առաջմղմանը, ինչպես նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցության շարունակությանը։

Կողմերը կարևորել են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների նկատմամբ հարգանքը և արձանագրել Հայաստանի հանձնառությունը համապարփակ բարեփոխումների և արդիականացման օրակարգին, մասնավորապես՝ արդարադատության ոլորտում և կոռուպցիայի դեմ պայքարում՝ երկրի դիմակայունության և բարեկեցության ամրապնդման նպատակով։

Լատվիայի նախագահը վերահաստատել է Լատվիայի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել այդ ջանքերին՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տվյալների պաշտպանության, սննդամթերքի անվտանգության, մեդիագրագիտության և այլ ուղղություններով, սեփական հմտությունների և փորձի փոխանակման միջոցով։

Նախագահներն ընդգծել են Լատվիայի դերը՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի ընտրված անդամ (2026-2027թթ․), և վերահաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի և այլ բազմակողմ հարթակների շրջանակներում։

Վահագն Խաչատուրյանն ու Էդգարս Ռինկևիչսը շեշտել են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և միջազգային իրավունքի պահպանման կարևորությունը։ Նրանք ընդգծել են կանոնների վրա հիմնված միջազգային կարգի և բազմակողմանիության պաշտպանության անհրաժեշտությունը և վերահաստատել պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Այս համատեքստում նախագահներն իրենց վճռական և շարունակական աջակցությունն են հայտնել Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող խաղաղությանն ուղղված ջանքերին։

Նախագահ Ռինկևիչսը երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար։ Նախագահները նաև ընդգծել են Լատվիայի շարունակական և համապարփակ աջակցությունն Ուկրաինային, որը գերազանցել է 1 միլիարդ եվրոն։

Ողջունելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա պատմական դինամիկան, ներառյալ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները`Լատվիայի նախագահը բարձր է գնահատել Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված շարունակական ջանքերը։ Նախագահ Ռինկևիչսը ողջունել է նաև Հայաստանի հաստատակամ հանձնառությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Ընդունելով տարածաշրջանային փոխկապակցվածության կարևորությունը, այդ թվում՝ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ ընթացող ջանքերը, նախագահներն ընդգծել են Եվրոպան և Ասիան կապող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի ռազմավարական դերը։ Նրանք քննարկել են իրենց հետաքրքրվածությունը՝ նպաստելու այս և այլ տարածաշրջանային ու միջտարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերին, ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության զարգացմանը նպաստելու ուղղությամբ հնարավորությունները՝ բիզնես համայնքների փորձի և կարողությունների ուսումնասիրման միջոցով, մասնավորապես՝ լոգիստիկայի, բազմամոդալ փոխադրումների և թվային լուծումների ոլորտներում։