Ավելի քան 2484 քմ տարածք կվերադարձվի Երևան համայնքին. Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ներկայացրել է ծրագիր

Ավելի քան 2484 քմ տարածք կվերադարձվի Երևան համայնքին. Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ներկայացրել է ծրագիր

Երևանի կենտրոն վարչական շրջանում մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում համայնքին են վերադարձվում մի շարք անշարժ գույքեր՝ Իսահակյան և Նալբանդյան փողոցների հատվածներում, որոնք տարիներ շարունակ օգտագործվել են վարձակալությամբ և նախատեսվում է վերածել հանրային նշանակության տարածքների։

Երևանի ավագանու նիստում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը ներկայացրել է հանրային տարածքների վերադարձման հերթական ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքին որպես նվիրատվություն վերադարձվում են Իսահակյան փողոց 3/3, 3/4, 3/5 և 7, ինչպես նաև Նալբանդյան փողոց 23/1 հասցեներում գտնվող՝ Երևան համայնքին պատկանող հողամասերի վրա կառուցված և ընկերությունների սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը։

Նվիրատվությունն իրականացվում է «Կոֆենեթ» և «Արաշին Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից։ Պետրոս Պետոյանի խոսքով՝ որոշման արդյունքում Երևան քաղաքին վերադարձվում են շուրջ 112 միլիոն 635 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքեր։

«Միաժամանակ այս որոշումը հնարավորություն է տալիս համայնքին վերադարձնել մոտ 2484 քմ տարածք, որի հիմնական մասը զբոսայգիների տարածքներ են։ Դրանց վրա առկա են մոտավորապես 207 քմ ծանրաբեռնված շինություններ, և կարծում եմ՝ վերադարձված տարածքները հետագայում կծառայեն քաղաքացիներին արդեն իրենց բուն նշանակությամբ՝ որպես այգի»,-նշել է Պետոյանը։

Նա մանրամասնել է, որ խոսքը վերաբերում է «Համերաշխության ձեռքեր» արձանի հարակից տարածքում գտնվող սրճարաններին, Օղակաձև այգու երկրորդ հատվածում տեղակայված տաղավարներին, Իսահակյանի արձանի հետնամասում գտնվող շատրվանի հատվածի կրպակներին, ինչպես նաև Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկի տարածքներին և դրանց զբաղեցրած հողամասերին։

Պետոյանի խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել երկար բանակցությունների արդյունքում. երկու տնտեսվարողներն էլ ունեցել են համայնքի նկատմամբ վարձակալության պարտքեր, որոնցից մեկը կազմել է մոտ 70 միլիոն դրամ, մյուսը՝ շուրջ 29 միլիոն դրամ։

Նա նշել է, որ «Կոֆենեթ» ընկերության հետ վարձակալության պայմանագիրը կնքվել է դեռևս 2001 թվականին, և երեք գույքերը տրամադրվել էին մինչև 2027 և 2032 թվականները։ Մյուս ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2018 թվականին՝ շուրջ 15 տարի ժամկետով։

«Եթե համայնքը պարզապես վերադարձներ այդ գույքերը, անհրաժեշտ կլիներ հատկացնել փոխհատուցում՝ շուկայական արժեքի և հավելյալ տոկոսների տեսքով, ինչը կկազմեր մոտ 450 միլիոն դրամ։ Այս պահին, ավագանու որոշմամբ, զիջվում են վարձակալության պարտքերը, քանի որ տնտեսվարողները չեն վճարել դրանք, իսկ դրա դիմաց իրենք նվիրատվությամբ վերադարձնում են գույքերը համայնքին, որոնք արդեն կդառնան հանրային տարածք»,-ասել է վարչական շրջանի ղեկավարը։

Նրա խոսքով՝ վերադարձվող տարածքներից մեկը գտնվում է կենտրոնական մայթային հատվածում, իսկ մնացածը՝ հիմնականում Օղակաձև այգու տարածքում՝ Երիտասարդական մետրոյի կայարանի հարևանությամբ։

Պետոյանի հավաստմամբ՝ այս պահին քաղաքապետարանը վարում է ևս մոտ երեք նմանատիպ բանակցություն։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարի ևս համայնքին է վերադարձվել Օպերայի հարակից այգում գտնվող մեծ սրճարանի տարածքը, որն այժմ արդեն վերածվել է կանաչ գոտու։

«Կարծում եմ՝ նոր էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո գործընթացները կարագանան, քանի որ այժմ հաճախ լինում են դեպքեր, երբ տնտեսվարողները պատշաճ չեն ծանուցվում հողի կադաստրային արժեքի փոփոխությունների մասին։ Երևանում դեռ կան բազմաթիվ վարձակալական տարածքներ, որոնք տարիներ շարունակ չեն օգտագործվում, սակայն պայմանագրերը շարունակում են գործել»,-եզրափակել է նա։