Երևանի կոյուղատար համակարգը ամբողջությամբ կթարմացվի. Ավինյանը ներկայացրել է ծրագիրը

Երևանի կոյուղատար համակարգը ամբողջությամբ կթարմացվի. Ավինյանը ներկայացրել է ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Երևանում գույքագրվել են կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները, և ներկայիս աշխատանքային տեմպերի պահպանման դեպքում մայրաքաղաքում կոյուղատար համակարգի հիմնական խնդիրները հնարավոր կլինի լուծել մոտ 5-6 տարվա ընթացքում։

Երևանի ավագանու նիստի ընթացքում, անդրադառնալով ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի հարցին, Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանը ամբողջությամբ գույքագրել է այն հատվածները, որտեղ անհրաժեշտ է կա՛մ նոր կոյուղատար համակարգի կառուցում, կա՛մ գործող համակարգի հիմնանորոգում։  

«Մոտավորապես 93 կիլոմետր նոր կոյուղատար համակարգ կառուցելու կարիք ունենք, իսկ ավելի քան 73 կիլոմետր հատվածում անհրաժեշտ է հիմնանորոգում։ Եթե հաշվի առնենք մեր ներկայիս տեմպը, մոտավորապես 5-6 տարում ամբողջապես կլուծենք կոյուղատար համակարգի խնդիրը։ Եթե Կառավարության գործընկերների հետ բանակցությունների արդյունքում կարողանանք տեմպն ավելացնել, հնարավոր է՝ խնդիրն ավելի շուտ լուծվի»,- ասել է Ավինյանը։  

Քաղաքապետը նշել է, որ հեղեղատար համակարգերի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են փոքր-ինչ ուշ, սակայն արդեն այս տարի նախատեսված են լայնածավալ աշխատանքներ ամենախնդրահարույց հատվածներում։

«Այս տարի ունենք երկու ամենախնդրահարույց հատվածներում հեղեղատար համակարգի ամբողջական վերափոխման և հիմնանորոգման ծրագիր։ Փաստացի ամբողջ համակարգը փուլային կերպով փոխարինվելու է նորով»,- նշել է նա։

Ավինյանի խոսքով՝ գույքագրման և վերանորոգման աշխատանքները շարունակվում են դեռևս 2022 թվականից, և մի շարք հատվածներում խնդիրն արդեն լուծված է։

Քաղաքապետը անդրադարձել է նաև համատիրությունների հետ համագործակցության թեմային՝ նշելով, որ քաղաքապետարանն արդեն իսկ էական աջակցություն է ցուցաբերում բազմաբնակարան շենքերի խնդիրների լուծման հարցում, թեև որոշ աշխատանքներ համայնքի անմիջական պարտականությունների շրջանակում չեն։  

«Մենք սկսել ենք կոյուղատար համակարգերից, թեև դա պարտադիր մեր գործառույթը չէ։ Այս պահին Կառավարությունն էլ է ֆինանսավորում տրամադրում, և այս տրամաբանությունը ճիշտ հունի մեջ է ընկել»,- ասել է նա։

Ավինյանը հիշեցրել է նաև վերելակների փոխարինման ծրագրի մասին՝ նշելով, որ Երևանում արդեն փոխարինվել է շուրջ 2600 վերելակ, և դեռևս մոտ 1800 վերելակի փոխարինման անհրաժեշտություն կա։  

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցություն տրամադրել նաև համատիրություններին՝ շենքերի ներսում առկա խնդիրների լուծման համար։

«Բոլոր այն դեպքերում, երբ տեսնենք, որ դրսում իրականացված աշխատանքները բավարար չեն, կդիտարկենք ֆինանսավորում հատկացնել նաև համատիրություններին, որպեսզի շենքերի ներսի խնդիրներն էլ լուծվեն»,- նշել է քաղաքապետը։  

Որպես օրինակ Ավինյանը հիշատակել է Խաղաղ Դոնի փողոցի շենքերը, որտեղ, նրա խոսքով, շուրջ 40 տարի նկուղները ողողվում էին կոյուղաջրերով։  

«Երբ մենք արտաքին հատվածի աշխատանքներն իրականացրինք, համատիրությունն էլ իր հերթին կատարեց ներքին աշխատանքները։ Կարևորն այն է, որ ամբողջական լուծում տրվեց խնդրին։ Մենք որևէ տեղ կիսատ աշխատանք չենք թողնում ու չենք ասում՝ շենքի ներսի հարցն արդեն ձեր խնդիրն է»,- ընդգծել է Ավինյանը։