Էրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Էրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Պուշկինի փողոցում բնակվող 51-ամյա մի տղամարդ իրացնելու նպատակով բնակարանում պահում է թմրանյութ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց, ու ապրիլի 27-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռվեց քրեական վարույթ։ Նույն օրը զննություն կատարվեց 51-ամյա տղամարդու բնակության վայրում․ հայտնաբերվեցին էլեկտրական կշեռք, զիպ փականով բազմաթիվ տոպրակներ և վեց փաթեթ՝ լցված ընդհանուր ավելի քան ութ հարյուր գրամ դեղնականաչավուն զանգվածով։
Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, այն ձեռք է բերել Տելեգրամյան հարթակի տարբեր օգտատերերից՝ իրացնելու նպատակով։
Իրացնելու նպատակով թմրամիջոց պահելուն վերաբերող մի տեղեկություն էլ Էրեբունու համայնքային ոստիկանները ստուգել ու հիմնավորել էին նախորդ օրը՝ ապրիլի 26-ին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն էր կատարվել Սարի թաղում բնակվող օտարերկրյա քաղաքացի 28-ամյա տղամարդու տանը։ Այս դեպքում էլ հայտնաբերվել են էլեկտրական կշեռք ու տոպրակներ, մեկ փաթեթ՝ լցված 93 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով և փայլաթիթեղի ութ փաթեթ՝ ընդհանուր մոտ ութ գրամ նույն զանգվածներով։
Օտարերկրացին հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան պատկանում է իրեն։
Երկու դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է։