Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական ​​բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում. Ալիս Ռուֆո

Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական ​​բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում. Ալիս Ռուֆո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում Երևանում մայիսի 5-ին կնքած փոխըմբռնման հուշագիրը երկու երկրներին հնարավորություն կընձեռի խորացնել արդեն եռամյա պատմություն ունեցող համագործակցությունը հատկապես անօդաչու թռչող սարքերի, արհեստական ​​բանականության և քվանտային հաշվարկների ոլորտներում:

X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն:

«Ուրախ եմ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար: Այն պաշտոնական բնույթ է հաղորդում նրա ղեկավարած նախարարության և Զինված ուժերի նախարարության Պաշտպանական նորարարությունների գործակալության միջև համագործակցությանը։ Այս համաձայնագիրը թույլ կտա խորացնել մեր երկու երկրների միջև 2023 թվականին սկսված համագործակցությունը հետազոտությունների և նորարարությունների ոլորտում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի, արհեստական ​​բանականության և քվանտային հաշվարկների բնագավառներում»,-նշել է նա։

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում մայիսի 5-ին ստորագրվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր փաստաթղթեր։ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։