Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են €20 միլիոնի վարկային համաձայնագիր

Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են €20 միլիոնի վարկային համաձայնագիր
Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են €20 միլիոնի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում կանանց ձեռներեցության և վերականգնվող էներգիայի զարգացմանը։
«Նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցը նոր էջ բացեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում, որի շրջանակում Evocabank-ը և Proparco-AFD-ն (Groupe Agence française de développement) ստորագրել են €20 միլիոնի վարկային համաձայնագիր` նպաստելու Հայաստանում զարգացման երկու կարեւոր խնդրի՝ կանանց տնտեսական հզորացման և երկրի էներգետիկ անցման ապահովմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Հայաստանում կանայք կազմում են գործարար համայնքի ընդամենը 17%-ը: Այս կառուցվածքային բացը սահմանափակում է երկրի տնտեսական ներուժը և սոցիալական միասնությունը:
«Միևնույն ժամանակ, Հայաստանն ակտիվորեն ձգտում է նվազեցնել էներգիայի ներմուծումից կախվածությունը և արագացնել վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումը: Նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ներկայությամբ ստորագրված համաձայնագիրը նպաստում է այս երկու մարտահրավերների հաղթահարմանը:
Վարկային գծի կեսը` €10 միլիոնը, կօգտագործվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման նպատակով՝ ամրապնդելով կանանց համար ֆորմալ ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և ձեռներեցության զարգացումը: Գործարքը համապատասխանում է այն չափանիշներին, որոնք սահմանել է 2X Challenge-ը՝ զարգացման ֆինանսական հաստատությունների միջազգային նախաձեռնությունը գենդերային առումով զգայուն ներդրումների ոլորտում»,- ասվում է հաղորդագրությունում:
Մնացած €10 միլիոնը կուղղվի Evocabank-ի վերականգնվող էներգետիկայի պորտֆելի զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման նախագծերի իրագործմանը: Ընդհանուր առմամբ, կապահովվի մոտ 17,000 աշխատատեղ և աջակցություն կստանա ավելի քան 300 միկրո, փոքր և միջին ձեռնարկություն: 
Այս համաձայնագիրը արտացոլում է երկու գործընկերների համատեղ հանձնառությունը. Evocabank-ը՝ որպես Հայաստանի ամենաառաջադեմ ֆինանսական հաստատություններից մեկը,և Proparco-AFD-ն՝ որպես երկրի մասնավոր հատվածի զարգացմանն աջակցող գործընկեր, միավորում են ուժերը՝ նպաստելու կին ձեռներեցների և մաքուր էներգիայի հասանելիություն փնտրող համայնքների ֆինանսավորմանը։
Նշվում է, որ ստորագրման արարողությունն անցկացվել է EPC 2026 Summit-ի (European Political Community) շրջանակում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:
«Այս համաձայնագիրը նշանակալի նվաճում է Evocabank-ի համար և կարեւոր քայլ՝ դեպի Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացումը։ Proparco-AFD-ի հետ նոր գործընկերությունն արտացոլում է մեր շարունակական հանձնառությունը՝ մեծացնելու բանկի ազդեցությունը՝ համաշխարհային փորձը համատեղելով տեղի առանձնահատկությունների հետ։ Տարիների ընթացքում Evocabank-ը աջակցել է կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին՝ ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունը և խթանելով ձեռներեցությունը, ուստի համաձայնագիրը հանձնառության ամրապնդման եւս մեկ դրսևորում է։ Մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը՝ ստեղծելու իրական արժեք մեր հաճախորդների համար՝ առաջարկելով նորարարական ֆինանսական լուծումներ և օգնելով ձեւավորել ավելի կայուն ապագա»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:
Proparco-ի մասին
Proparco-ն, որպես Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) դուստր ձեռնարկություն, գործում է Ֆրանսիայի միջազգային զարգացման և համերաշխության ծրագրի շրջանակում: Այն իր գործունեութունն է ծավալում Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրասիայի և Մերձավոր Արեւելքի ավելի քան 115 երկրներում: 
Կենտրոնանալով կայուն զարգացման ոլորտում նորարարությունների աջակցման վրա և համագործակցելով ապագայի մասնավոր հատվածը ձևավորող նորարարների հետ՝ Proparco-ն նպաստում է բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմանը, անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների մատակարարմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարին։
Proparco-ն ակտիվորեն մասնակցում է Ֆրանսիայի միջազգային գործընկերությունների ամրապնդմանը և կայուն ներդրումային քաղաքականության իրականացմանը։
Evocabank-ի մասին
Որպես Հայաստանում գրանցված առաջին առեւտրային բանկ՝ Evocabank-ը ոչ միայն մատուցում է արագ, հարմար և նորարարական բանկային ծառայություններ, այլև խթանում է ժամանակակից բանկային մշակույթը։
Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում բջջային ծառայությունների զարգացմանը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ ցանկացած ֆինանսական գործարք կարող է իրականացվել առանց բանկ այցելելու՝ անմիջապես EvocaTOUCH հավելվածի միջոցով։
Բանկը կարևորում է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) դերը Հայաստանում եւ ֆիզիկական անձանց ու ՓՄՁ-ներին տրամադրում է ժամանակակից թվային գործիքներ, գերարագ և ճկուն ֆինանսական լուծումներ, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետների կողմից անհատականացված աջակցություն։
Դրա մասին են վկայում հեղինակավոր միջազգային ամսագրերի և կազմակերպությունների կողմից ստացած բազմաթիվ մրցանակները, ինչպիսիք են՝ «Լավագույն բանկը Հայաստանում», «Լավագույն թվային բանկը Հայաստանում», «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում», «Լավագույն բանկային հավելվածը Հայաստանում» և այլն։