Երկրաբանություն + աշխարհագրություն. ի՞նչն է Հայաստանում հետաքրքիր Վաշինգտոնի համար

Երկրաբանություն + աշխարհագրություն. ի՞նչն է Հայաստանում հետաքրքիր Վաշինգտոնի համար

TRIPP-ը պարզապես տրանսպորտային նախագծից կարող է վերածվել հզոր տնտեսական «ողնաշարի»: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով հատուկ բանագնացի գրասենյակի տնօրեն Վինայ Չավլան:

TRIPP. ենթակառուցվածքը որպես «ողնաշար» 

Ելույթ ունենալով «Yerevan Dialogue 2026»-ի շրջանակներում անցկացվող «Կրիտիկական օգտակար հանածոներ, կիսահաղորդիչներ և Հարավային Կովկասը որպես ներդրումային ֆրոնտիր» թեմայով պանելային քննարկմանը, Չավլան նշել է, որ TRIPP-ի մասով ամերիկյան կողմը կցանկանար տեսնել երկաթուղային, թվային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացում:

 «Հայաստանում օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում զգալի հնարավորություններ կան. երկիրն ունի հարուստ երկրաբանություն: Եվ եթե այդ ռեսուրսների արդյունահանումը կապվի TRIPP-ի հետ՝ դիտարկելով այն որպես մայրուղի, իսկ ճյուղավորումները՝ որպես ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային ուղիներ, ապա առևտրային փոխադրումների աճի իրական ներուժ կառաջանա», - հայտարարել է նա: Չավլան ընդգծել է, որ ամերիկյան կողմը «այս ամենը դիտարկում է․, որպես մեկ ամբողջություն»: 

«TRIPP-ը մայրուղի է, բայց եթե դրանով բեռներ չեն փոխադրվում, այն վերածվում է անարդյունավետ ակտիվի: Նույն կերպ, եթե կան կրիտիկական օգտակար հանածոներ, բայց չկա ենթակառուցվածք դրանց տեղափոխման համար, դա պարզապես չիրացված ռեսուրս է», - նշել է նա: Հենց այս համատեքստում է Վաշինգտոնը տեսնում Հայաստանի հետ համագործակցության խորացման իրական հնարավորությունը՝ կապել կրիտիկական օգտակար հանածոները և չիպերի արտադրությունը:

Ինչու է Հայաստանը հատկապես հետաքրքիր Վաշինգտոնին 

Չավլան նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ ներգրավվածությունը Հայաստանում զգալիորեն ուժեղացել է: Նրա խոսքով՝ երկիրն ունի մի շարք կարևոր մրցակցային առավելություններ, որոնք այն դարձնում են գրավիչ գործընկեր ամերիկյան ռազմավարության մեջ: 

Դրանց թվում են՝ ընկերությունների 100 տոկոսանոց օտարերկրյա սեփականության հնարավորությունը, հարուստ երկրաբանությունը և կրիտիկական օգտակար հանածոների արդյունահանման բարձր ներուժը, ինչպես նաև տեխնոլոգիական համագործակցության բազմամյա փորձը: Չավլան հատկապես հիշատակել է Synopsys ընկերության հետ համագործակցությունը, Firebird նախագծերը և հայ մասնագետների ակտիվ մասնակցությունը բարձրտեխնոլոգիական նախաձեռնություններին:

ԱՄՆ գլոբալ ռազմավարությունը TRIPP-ի թիկունքում 

TRIPP միջանցքի հեռանկարները, ըստ ամենայնի, ուղղակիորեն կապված են Վաշինգտոնի արտաքին քաղաքական նոր օրակարգի հետ: Չավլայի խոսքով՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմում արհեստական բանականության և կրիտիկական օգտակար հանածոների մատակարարման շղթաների հարցերը դարձել են արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Այս ռազմավարության իրականացման համար ԱՄՆ-ն գործարկում է երկու խոշոր փոխլրացնող մեխանիզմներ, որոնք հնարավորություններ են բացում նաև Հայաստանի համար.

PAX Silica — ուղղահայաց ինտեգրված նախաձեռնություն, որն ընդգրկում է արհեստական բանականության (ԱԲ) արժեքի ստեղծման ողջ շղթան՝ հանքանյութերի արդյունահանումից մինչև չիպերի արտադրություն և դրանց օգտագործումը տվյալների կենտրոններում (data centers):

«Սա մեր նախաձեռնությունն է՝ ուղղված արհեստական բանականության (ԱԲ) զարգացմանը և մատակարարման շղթաների կառավարմանը։ Մենք դիտարկում ենք այս գործընթացը ուղղահայաց կտրվածքով՝ հանքանյութերի արդյունահանումից մինչև չիպերի արտադրություն և դրանց ներդրումը տվյալների կենտրոններում: Այս ծրագրի շրջանակներում մենք արդեն սկսել ենք միավորել երկրներն ու ռազմավարական գործընկերներին։ Սա յուրօրինակ հարթակ է, որին հատկացվել է 250 միլիոն դոլար՝ այնպիսի նախագծերի և գաղափարների ֆինանսավորման համար, որոնք նպաստում են այդ մատակարարման շղթաների ամրապնդմանը», - նշեց նա։

Երկրորդ ուղղությունը FORGE-ն է (Forum for Research Resource Geostrategic Engagement)՝ կրիտիկական օգտակար հանածոների մեր շրջանակային ծրագիրը։ Դրա առանցքային տարրը հանդիսանում է այսպես կոչված Project Vault-ը՝ 12 միլիարդ դոլար բյուջեով։ «Առաջին անգամ ԱՄՆ-ն ստեղծում է կրիտիկական օգտակար հանածոների ռազմավարական պահուստ՝ նավթի պահուստի նմանությամբ։ Այս 12 միլիարդ դոլարը հնարավորություններ է բացում նաև այնպիսի շուկաների համար, ինչպիսին Հայաստանն է, քանի որ մենք ձեռք ենք բերում այնպիսի գործիքներ, ինչպիսիք են DFC-ն և EXIM-ը, որոնք թույլ են տալիս ֆինանսավորել բոլոր փուլերը՝ ռեսուրսների արդյունահանումից մինչև մատակարարման շղթաներում դրանց ինտեգրումը։ Սա, իր հերթին, ստեղծում է ներդրումային հնարավորություններ՝ այդ ռազմավարական պահուստը համալրելու համար», - ասաց Չալվան։