ՀՀ ԿԲ-ն մեղմացրել է մերձավորարևելյան հակամարտության սկզբում իր արած ֆինանսատնտեսական գնահատականները

ՀՀ ԿԲ-ն մեղմացրել է մերձավորարևելյան հակամարտության սկզբում իր արած ֆինանսատնտեսական գնահատականները
Մերձավոր Արևելքում առկա լարվածության պայմաններում ՀՀ կենտրոնական բանկը մեղմացրել է հակամարտության սկզբում արած իր ֆինանսատնտեսական գնահատականները և ավելի լավատեսական սցենարներ է նախանշել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելը կարելի՞ է այս պայմաններում դրական միտում համարել։
ԿԲ–ն հակամարտության սկզբում մտահոգություն էր հայտնել, որ հնարավոր է` կապիտալը տարածաշրջանից և, մասնավորապես, Հայաստանից դուրս գա։
«Այս պահին նման դիտարկում մենք այլևս չունենք, այդ մասով մեր խոսքը մենք մեղմացրել ենք։ Հարկաբյուջետային քաղաքականության ֆիսկալ թվերը ցույց են տալիս, որ հնարավոր է դեֆիցտը ավելի մեծ չի լինի, քան նախատեսվել է, ավելին` կարող է ավելի փոքր լինել»,– նշեց Խաչատրյանը։
Նա նաև ասաց, որ Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում սրվում են էներգակիրների և մյուս ապրանքահումքային շուկաների գների աճի հեռանկարի հետ կապված ռիսկերը։ Միաժամանակ այս ֆոնին պահպանվում է դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճը, որոնք գնաճի վրա ընդլայնող ազդեցություն կարող են թողնել։
«Հորմուզի նեղուցով պայմանավորված էներգակիրների գների հանգուցալուծումը մեզ դեռևս չի թվում, որ արագ կլինի։ Միաժամանակ մեզ համար դեռևս անհայտ է, թե որ կետում համաշխարհային տոկոսադրույքներն էականորեն կիջնեն, ինչպես դա սպասվում էր մինչև պատերազմը»,– ասաց ԿԲ նախագահի տեղակալը։