Վիզաների ազատականացում, անվտանգություն, տնտեսական զարգացում, փոխկապակցվածություն. ՀՀ-ԵՄ համագործակցության 4 գերակայությունները
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Հայաստանի և Եվրամիության համագործակցության գերակա 4 ուղղությունները, որոնց վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ու փաստաթղթեր ստորագրվել Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով։
Եվրահանձնաժողովի նախագահը թեմային անդրադարձել է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ։
«Հայաստանը վաղուց ընդլայնված եվրոպական ընտանիքի արժեքավոր անդամ է։ Խաղաղ, թավշյա հեղափոխությունը 2018 թվականին ի ցույց դրեց ձեր երկրի հանձնառությունը եվրոպական արժեհամակարգին՝ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և հիմնարար արժեքներին։ Այսօր ցանկանում եմ վերահաստատել մեր ամուր աջակցությունը Հայաստանին։ Մենք այսօր ապրում ենք տարափոփոխ համատեքստում, և այս մարտահրավերներով լի միջավայրում անցկացվող Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովն ավելի քան ժամանակին է անցկացվում։
Սա լավ հնարավորություն է ընձեռում խորացնել մեր կապերը և մեր եզակի գործընկերությունը բարձրացնել նոր մակարդակի, և մենք այդպես էլ կանենք»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նա նշել է Հայաստանի համագործակցությունը խորացնելու մասին՝ 4 հիմնական ուղղություններով։
«Առաջին ուղղությունը փոխկապակցվածությունն է։ Մենք հենց նոր ստորագրեցինք փոխկապակցվածության ուղղությամբ գործընկերության փաստաթուղթը, որը մեր համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացնում։ Այս ուղղության հենասյուներից առաջինը տրանսպորտն է. շատ քիչ երկրներ են այդքան եզակի դիրքավորված, ինչպես Հայաստանը։ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ներուժ ունի կապել Եվրոպան Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ՝ վերածելով Հայաստանն անկյունաքարային տրանսպորտային հանգույցի։ Մենք արդեն պատրաստ ենք աշխատել սահմանային անցման կետերը վերակառուցելու ուղղությամբ, երբ հարևան երկրների հետ սահմանները բացվեն։ Մենք գիտենք, թե Հայաստանի համար որքան կարևոր է կուռ ինտեգրվել ռեգիոնալ տրանսպորտային ցանցերում, ահա թե ինչու մենք կաջակցենք ձեր ինտեգրմանը անկյունաքարային տրանսպորտային ցանցերի մեջ, ինչպիսին Անդրտրանսկասպյան տրանսպորտային միջանցքն է, որը ռազմավարական կարևորություն ունի նաև Եվրոպայի համար։ Ահա թե ինչու մենք այսօր բարձր մակարդակի երկխոսություն ենք սկսում տրանսպորտի շուրջ։ Տրանսպորտը և տրանսպորտային շարժերը շարժիչ ուժն են՝ նպաստելով մրցունակությանը»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Որպես փոխկապակցվածության ուղղությամբ համագործակցության երկրորդ հենասյուն ֆոն դեր Լայենը նշեց էներգետիկայի ոլորտը։ «Հայաստանում արևային էներգետիկայի զարգացումը նշանակալի է։ Սա Հայաստանի էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելու հստակ նշան է և գերագույն կարևորություն ունի, եթե մենք նայենք էներգետիկ ճգնաժամին, որին բոլորս այժմ բախվում ենք»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նա հավելել է, որ Եվրամիությունը կխթանի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը՝ հաշվի առնելով թանկարժեք վերականգնվող ռեսուրսները։ Նրա խոսքով՝ 25 միլիոն եվրո կներդրվի կովկասյան էլեկտրահաղորդակցության ցանցում էներգետիկ կուտակիչների կառուցման համար՝ ապահովելու էներգամատակարարման անվտանգությունը։
Երրորդ հենասյունը, ֆոն դեր Լայենի խոսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է։ «Հայաստանը արհեստական բանականության և ինժեներական ապշեցուցիչ համակարգ ունի։ Սա ուժեղ կողմ է, և մենք ուզում ենք հենվել դրա վրա։ Մենք միասին առանձնացրել ենք մի քանի նախագծեր և այս սենյակում ականատես եղանք մի քանի մտադրության նամակների ստորագրմանը հայկական առաջատար ընկերությունների հետ։ Մենք եվրոպական ընկերություններին խրախուսում ենք ներդրումներ անել այստեղ, որտեղ կա կադրային պոտենցիալ և հնարավորություններ»,- մանրամասնել է ֆոն դեր Լայենը։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ երկրորդ գերակայությունն անվտանգության ոլորտում ավելի ամուր համագործակցությունն է։ «Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում մենք սատարում ենք Հայաստանի Զինված ուժերին, սակայն Հայաստանը պետք է դիմակայի նաև հիբրիդային սպառնալիքներին, միջամտություններին, ինֆորմացիոն դաշտի մանիպուլյացիաներին։ Մեր գործընկերությունը նպաստելու է, որպեսզի դիմակայեք այդ սպառնալիքներին։ Մի բան հստակ է՝ այս երկրում իշխանության միակ լեգիտիմ աղբյուրը Հայաստանի ժողովրդի կամքն է»,- ասել է ֆոն դեր Լայենը։
Երրորդ կարևոր ուղղությունը, ըստ ֆոն դեր Լայենի, վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքն է։ «Վիզաների ազատականացումը գերակայություն է, որը խորապես կարևորվում է հայ ժողովրդի կողմից։ Քանի որ մենք ուզում ենք միմյանց մոտեցնել մեր ժողովուրդներին, հաճույքով ներկայացնում ենք առաջընթացի առաջին զեկույցը։ Շնորհավորում եմ, այն խիստ դրական բնույթ ունի։ Լավ աշխատանք է արվել և առաջընթաց է գրանցվել անցյալ տարվա նոյեմբերից ի վեր, և մենք միանգամայն վստահ ենք, որ մենք սա կանենք։ Այսօր նաև աշխատանքային կարգադրություններ ենք հաստատում FRONTEX-ի և Հայաստանի միջև, ինչը կամրապնդի համագործակցությունը սահմանների կառավարման և միգրացիոն հոսքերի կառավարման ասպարեզում»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա հավելել է, որ չորրորդ գերակայությունը տնտեսական աջակցությունն է ու սոցիալական դիմակայունությունը։ Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ երկու տարի առաջ սկսել են «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանին 270 միլիոն եվրո է տրամադրվել։ Նա ընդգծել է ծրագրի հաջող ընթացքը՝ շեշտելով, որ ակնկալում են, որ ծրագրի շրջանակներում ևս 2.5 միլիարդ եվրո կներգրավվի ներդրումների տեսքով։
«Մենք հայկական բիզնեսներին օգնում ենք նոր շուկաներ գրավել և աճել, ներդրումներ ենք անում հմտությունների զարգացման և զբաղվածության ոլորտներում, ինչպես նաև ականազերծման ոլորտում, որն անվտանգության և ապահովության համար կենսական է։ Մենք շատ պահանջված աջակցություն ենք տրամադրում նաև Ղարաբաղից տեղահանվածների համար՝ ներառյալ բնակապահովումը»,- եզրափակել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։